Անհետ կորածների ու գերիների հարազատները հանդիպել են ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ
Անհետ կորածների ու գերիների հարազատները շարունակում են շրջափակված պահել ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը: Երկու օր շարունակ նրանք հանդիպում էին պահանջում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ։
«Պահանջում ենք մեր երեխաներին բերել»,- ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասել էր ՊՆ շենքը շրջափակած քաղաքացիներից մեկը:
ՊՆ շենքի ողջ տարածքում մեծաթիվ ոստիկաններ են բերվել։ Օրվա ընթացքում կրքերն այնքան էին բորբոքվել, որ այնտեղ ժամանեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը։
ՊՆ-ից, ի վերջո, ժամեր առաջ հայտնել էին, որ համաձայն են հանդիպել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ, սակայն այն պայմանով, որ կբացվեն ՊՆ շենքի բոլոր մուտքերը, և ներս կարող են մտնել միայն 50 հոգի։
Այս պահին թվով մոտ 50 հարազատներ ՊՆ-ում հանդիպման են:
168.am-ի տեղեկություններով՝ նրանք զրուցում են ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Ըստ նույն աղբյուրի՝ նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկա չէ հանդիպմանը: