Իրականում երեկ գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել. Ալեն Սիմոնյան
Մենք հույս ենք փայփայել, որ երեկ, ինչպես և ամեն օր սպասում ենք, որ ինքնաթիռով մեր գերիները կվերադառնան, բայց պետք է նշեմ՝ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարություն չի եղել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, այս ամենը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որը ընդունելի է, բայց բարձրաստիճան որևէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից և ծնողներից»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Փոխխոսնակը նաև նշեց, որ ո՛չ Անդրանիկ Քոչարյանը, ո՛չ Մանե Գևորգյանը գերիների վերադարձի մասին լուրերը չեն հաստատել, դա ապատեղեկատվություն է: Անդրադառնալով իրավիճակին` նաև ընդծեց՝ ադրբեջանական կողմը փորձում է լարել Հայաստանի ներքաղաքական վիճակը՝ նշելով, որ նրա գործընկերները ևս օգտվում են ստեղծված իրավիճակից:
«Ադրբեջանի կողմից արվում է ամեն բան, որպեսզի Հայաստանում վրդովմունքը ու բացասական մթնոլորտը խորանան, նրանք ուզում են նախընտրական գործընթացների վրա ազդեցություն ունենալ և վստահ եմ՝ տարբեր շահարկումներ են գնում, տարբեր լրատվամիջոցներով իմ գործընկերները փորձում են ամեն կերպ շահարկել այս թեմաները»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Նա նաև անդրադարձավ Ռուստամ Մուրադովի հայտարարությանը՝ ընդգծելով՝ նա գերիների վերադարձման գործընթացում ներգրավված չէ և նրա խոսքերը չունեն տրամաբանություն:
«Որևիցե տրամաբանություն նույն Մուրադովի աշխատանքի ընթացքում գերիների վերադարձի և քանակի պարագայում ոչ կա, ոչ էլ կարող է լինել ուստի ինչ-որ հղումներ անել այս կամ այն պաշտոնյայի վրա, կամ իրավիճակի վրա ճիշտ չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը: