«Փորձեցին գերիների թեմայով փիառ անել, բայց թարս բան ստացվեց՝ հերթական փնթի, ապաշնորհ պահվածքի արդյունքն է». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ շուրջ մեկ ամիս է, շրջանառվում են տարբեր խոսակցություններ, թե հնարավոր է՝ Ադրբեջանը հայ ռազմագերիների մեկ խումբ վերադարձնի, սակայն մինչև օրս նման բան չի եղել։
«Երեկ իշխանական ԶՄԼ-ները դրա մասին խոսեցին, այսինքն՝ փորձեցին գերիների թեմայով փիառ անել, բայց թարս բան ստացվեց։ Մարդիկ, որոնք ակնկալում էին, որ ռազմագերիները պետք է վերադարձվեն, ինչ իրավիճակում են հայտնվել։ Երբ ինքնաթիռը Բաքվից դուրս է գալիս, հայկական ծառայություններն իմանում են, թե քանի հոգի են վերադառնում, եթե գիտեին, որ նման բան չկա, իսկ ես վստահ եմ, որ գիտեին, նման տեղեկատվություն տալը հերթական փնթի, ապաշնորհ պահվածքի արդյունք է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Ինչ վերաբերում է շրջանառվող խոսակցություններին, թե Ադրբեջանը ցանկանում է գերիներին փոխանակել Մեղրիի հետ, Էդմոն Մարուքյանն ասաց, որ նման տեղեկություն չունի, Մեղրիում հարց չկա լուծելու, ավելին՝ ՀՀ որևէ կետում հարց չկա լուծելու։
«Հիպոթետիկ եթե նման պրոցես լինի, կարծում եմ՝ դա որևէ ձևով բոլորով չպետք է թույլ տանք։ Բայց ես նման բան չեմ տեսնում, սա հերթական անգամ մեր ժողովրդին վախի մեջ պահելու համար է։ Ի՞նչ Մեղրիի հարց պետք է լինի, եթե խոսքն ապաշրջափակման մասին է, ուզում են սահմանները բացել, թող բացեն, սահմանները մենք չենք փակել, իրենք են փակել։ Հիմա մեզ իշխանություն է պետք, որը կկարողանա մի քիչ իր մեջքն ուղղել, լավ, եթե բան եք պայմանավորվել, և այդ պայմանավորվածությունը չի պահպանվել, թող մի հատ հայտարարություն անեն։ Երկրի ներսում կուչ ու խուփ գալը չի ստացվելու»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։
Նա դժվարացավ ասել՝ գերիների վերադարձի հետ կապված Փաշինյան-Պուտին պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ ոչ, խորհուրդ տալով այդ հարցն ուղղել Փաշինյանին:
Եվս մեկ անգամ շեշտեց, որ այս ամենը փնթի, ապաշնորհ իշխանության հերթական ձախողումն է, որը դատապարտելի է, այլ քաղաքական դիրքորոշման հարց չկա։
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախարարությունը գտնվում է շատ վատ վիճակում, խոսքը ղեկավարության մասին է, քանի որ մարդկանց տարրական բաներ չեն կարողանում բացատրել։
ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ մինչև երկրում իշխանություն չփոխվի, որևէ բան չի փոխվելու, ներկայիս իշխանության հետ անհնար է, և պետք էլ չէ հույս ունենալ, որ նրանք ինչ-որ բան կարող են անել։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, թե իրենց մոտ հայ ռազմագերիներ չկան, Էդմոն Մարուքյանը նկատեց, որ այդ վեճն արդեն վեց ամիս ընթանում է՝ Ադրբեջանն ասում է, որ իր մոտ ռազմագերիներ չկան, գերիները հանցագործություններ են կատարել, իսկ հայկական կողմը պնդում է, որ կոնֆլիկտն ավարտված չէ, հետևաբար՝ Ադրբեջանում պահվողները ռազմագերիներ են։
«Իշխանությունն ախրաննիկով-բանով կարող է գյուղեր գնալ ու խոսել, էդ կարող են անել։ Իրենք մեկ բան ունեն անելու՝ ընտրություններով հեռանալ, որը հիմք կդնի Հայաստանում ընտրություններով իշխանափոխությանը, այս լավությունը կարող են անել Հայաստանի համար»,- շեշտեց Է. Մարուքյանը։