Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի. Մարիա Զախարովա
Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի: Այդ մասին այտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ցավոք, այնտեղ իրադրությունը մնում է բարդ եւ սրվելու միտում ունի»,-ասել է նա՝ ապրիլի 9-ին հանդես գալով ճեպազրույցում: Զախարովայի խոսքով՝ «դրա պատճառը Կիեւի մարտական տրամադրվածությունն է, որն առաջվա պես պատրանքներով է ապրում երկրի հարավ-արեւելքում հակամարտության ուժային լուծման հնարավորության հետ կապված»: Նա հայտնել է, որ երկրի այդ շրջանում «կենտրոնացվում են զորքեր եւ տեխնիկա, նորացվում են մոբիլիզացիոն պլանները, պահեստայինների զորակոչերը, ինչպես նաեւ ուկրաինական ԶԼՄ-ներում «շիկանում է մտացածին ռուսաստանյան սպառնալիքի մասին տեղեկատվությունը»: Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ռուսլան Խոմչակը հայտարարել է, որ ուկրաինական բանակը պատրաստ է հակազդել Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի առանձին շրջաններում եւ ՌԴ-ի հետ սահմանի երկայնքով իրադրության սրմանը:
«Հակառակորդի բոլոր սադրանքներին, բոլոր գործողություններին մենք պլանավորել ենք անհապաղ հակազդման համապատասխան միջոցառումներ»,-ասել է Խոմչեկը՝ հանդես գալով “1+1” հեռուստաալիքի եթերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: