Վերաքննիչ դատարանը մերժել է Գևորգ Կոստանյանի պաշտպանների միջնորդությունը
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հրապարակել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, որով մերժել է Գևորգ Կոստանյանի պաշտպանների միջնորդությունը` Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գևորգ Կոստանյանի պաշտպան, փաստաբան Գևորգ Գևորգյանը:
«Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել` մերժելով Գևորգ Կոստանյանի պաշտպանների բողոքը: Այսինքն՝ դատարանը հրաժարվել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ առանց որևէ ապացույցի, առանց որևէ իրավական կամ փաստական հիմքի կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելուց, այն դեպքում, երբ միջազգային հեղինակություն ունեցող կառույցը՝ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլը) Գևորգ Կոստանյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդումը գնահատել է որպես անօրինական և քաղաքական:
Ավելին՝ դատարանը նույնիսկ հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), իսկ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է, հետևաբար Գևորգ Կոստանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը նույնպես ենթակա է դադարեցման՝ արդարացնող հիմքով, իսկ խափանման միջոց կալանավորումը՝ վերացման, քանի որ ենթադրյալ սահմանադրական կարգի տապալումը հանդիսանում է Գևորգ Կոստանյանին մեղսագրված արարքների հանցակազմերի պարտադիր հատկանիշ, որի բացակայությունն ինքնին վկայում է Գևորգ Կոստանյանի արարքներում հանցագործության հանցակազմի բացակայության մասին:
Ընդ որում՝ այդ իրողությունը հասկանալու և գիտակցելու համար նույնիս իրավաբանական գիտելիքներ անհրաժեշտ չեն, ավելին՝ նշվածից ակնհայտ է, որ սահմանադրական կարգի տապալումը հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու պայմաններում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալումն իբրև թե թաքցնելն ինքնին դադարում է քրեորեն պատժելի արարք հանդիսանալուց:
Իրադարձությունների նման դասավորությունից տեսանելի է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված դատական ակտն ակնհայտ ապօրինի և հիմնազուրկ է և այն կրում է բացառապես քաղաքական բնույթ, այսինքն՝ դատարանը նման որոշմամբ վարույթն իրականացնող մարմնին առանց որևէ հիմնավորման թույլատրել է շարունակել հեղինակավոր միջազգային կառույցի՝ Ինտերպոլի կողմից որպես քաղաքական գնահատված և Սահմանադրական դատարանի կողմից որպես անվավեր ճանաչված նորմով իրականացվող անօրինական հետապնդումը»,- 168.am-ին ասաց Գևորգ Գևորգյանը:
Վերաքննիչ բողոքի քննության օրերին նաև հայտնի էր դարձել ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարությունը, որով վերջինս ներկայացրել էր միջազգային քրեական ոստիկանության, այլ կերպ ասած՝ Ինտերպոլի փաստաթղթերը՝ ուղղված ՀՀ Ինտերպոլի ազգային բյուրոյին, որոնք ապացուցում էին, որ Գևորգ Կոստանյանը հետախուզման մեջ չի եղել:
Կոստանյանի պաշտպաններն այս փաստերը ևս ներկայացրել էին իրենց միջնորդության հետ` որպես նոր երևան եկած հանգամանքներ: Սակայն, ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գևորգ Գևորգյանը, դեռևս հայտնի չէ, թե դատարանն ինչպիսի գնահատական է տվել Թագուհի Թովմասյանի ներկայացրած փաստական հանգամանքներին, քանի որ դատարանի ամբողջական որոշումը դեռ չեն ստացել և չեն ծանոթացել որոշմանը:
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական դիրքի չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելու համար։