«Ալիևն այդքան դուխ չունի Պուտինին հակազդելու համար, խնդիրը շատ ավելի պարզ է, այստեղ ակնկալիք ունեն Սյունիքից». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրեն որևէ մեկը չի կարող համոզել, թե Հայաստանում չեն իմացել, որ գերիների վերադարձի խնդրի մասին պայմանավորվածություն է խախտվել։
«Սա դեռ երկար վերլուծելու խնդիր է, թե ինչպես այդպես եղավ։ Կարծում եմ, եթե պետությանդ հարգում են, պետության ղեկավարության հետ գոնե նվազագույն բանակցային ֆոն ապահովված է, գոնե պետք է ասեին՝ մի թռեք, քանի որ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել։ Սակայն ինքնաթիռը գնում է Բաքու, որից հետո հայտարարում են, թե մեկ ժամից վայրէջք կկատարի գերիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը, սակայն այն գալիս է դատարկ, որի մեջ լինում է ռուս խաղաղապահների ղեկավարը։ Ես հիմա դիմում եմ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին՝ զգույշ եղեք, ուշադիր եղեք, թե արդյո՞ք «Մեղրիի միջանցքի» հետ կապված խոսակցությունները համապատասխանում են իրականությանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ նրա, այս ամենը պետության ողբերգությունն է, երբ այսքան նվաստացնում են երկիրը։ Չգիտի, թե էլ ինչ պետք է անի Ալիևը, ինչպես նվաստացնի պետությանն ու իշխանությանը, որպեսզի ի վերջո հասարակությունը սթափվի։
«Նիկոլը չլիներ, թող Նաիրա Զոհրաբյանը լիներ, եթե Հայաստանն ու Արցախը տաներ պարտության, ապա նա չէր կարողանալու հաղթահարել պատերազմի հետևանքները՝ ռազմագերիների, տեղահանված արցախցիների խնդիրը, Արցախի կարգավիճակի հարցը։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանին որևէ բան հորդորելն անիմաստ է, բայց կրկին դիմում եմ նրան՝ հասկացիր վերջապես, դու պարտված ղեկավար ես և չես կարող վարել արժանապատիվ բանակցություններ, քանի որ քեզ հետ վարվելու են այնպես, ինչպես երեկ վարվեցին»,- հավելեց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանի տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստան պետք է վերադարձնեին 20-22 հայ ռազմագերիների։
Նա ընդգծեց, որ ներկայիս իշխանությունների դեպքում որևէ բան չի կարող բացառել, այդ թվում՝ Մեղրիով ճանապարհի տրամադրում թշնամուն՝ գերիների դիմաց։
«Երբ այստեղ խոսում են թուրքի հետ խաղաղության մասին, այդ նույն օրերին Ադրբեջանում արտադրում են անօդաչու թռչող սարք՝ «սատկացնել շան նման» անվանումով, այստեղ ինչ-որ ռաբիս արտահայտություն է իրեն թույլ տալիս ԱԺ կին փոխնախագահը, Լառոշֆուկոյից վերցնում ու ինչ-որ ֆրազներ է ասում՝ փորձելով երևալ մարդասեր։ Ինձ հասկանալի չէ նրանց մարդասիրությունը, երբ այսպես նվաստացնում են ռազմագերու մորը, ես թքել եմ նման խաղաղասիրության վրա»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։
Հարցին՝ այս ամենն արդյո՞ք ուղղված չէր նաև Ռուսաստանի դեմ, Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ մինչև օրս հայ ռազմագերիները հայրենիք են վերադարձել բացառապես Ռուսաստանի ու Պուտինի աննմիջական ջանքերի շնորհիվ։
«Կներեք, օգտագործեմ հեղափոխական բառ, ես չեմ կարծում, որ Ալիևն այդքան դուխ չունի Պուտինին հակազդելու համար։ Կարծում եմ՝ խնդիրը շատ ավելի պարզ է, այստեղ ակնկալիք ունեն Սյունիքից։ Ես հորդորում եմ Անդրանիկ Քոչարյանին՝ բռնել իր խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ձեռքը, ով հայտարարում է, որ եթե Թուրքիան փոխի իր դիրքորոշումը, մենք ավելի խաղաղասեր կլինենք»,- ընդգծեց նա։
Թե ինչու ինքնաթիռը մեկնեց Բաքու, իմանալով, որ դատարկ է վերադառնալու, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ հարցը պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին և նրա խոսնակ Մանե Գևորգյանին, որն առավոտվանից հեռախոսահամարն անջատել է։ Հարցին պետք է պատասխանի նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։