Խոշոր հարցեր լուծելու համար պետք է վստահություն լինի իշխանությունների միջև, որն ակնհայտորեն չկա. Քաղաքագետ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանն առնչվող հարցեր, ռազմագերիների խնդիր, տնտեսական հեռանկարներ. այս հարցերն էին Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ այս հանդիպումը միմյանց լսելու, կարծիքներ հասկանալու համար էր:
«Ինչպես կարելի է ենթադրել՝ գործող իշխանությունների մոտ կա մտավախություն, որ Ռուսաստանը կարող է իրենց դեմ գործել սպասվող ընտրությունների ժամանակ, աջակցել ընդդիմադիրներին:
Հետո՝ Արցախյան խնդրի հետ կապված բազմաթիվ հարցեր, այնուամենայնիվ, կան, այդ թվում՝ գերիների, միջազգային քաղաքականության հարցեր, որոնք վերաբերում են անվտանգության խնդիրներին»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց քաղաքագետը:
Նրա համոզմամբ՝ այս հանդիպումով նաև փորձ արվեց դուրս գալ այն իզոլյացումից, որում վերջին ամիսներին հայտնվել է Հայաստանը. «Հայաստանը վերջին ամիսներին օտարերկրյա գործընկերների կողմից համարյա թե իզոլյացիայի մեջ է. ոչ մեկն այլևս Հայաստանի հետ լուրջ չի խոսում, որովհետև մենք չենք գնահատել նաև այն իրողությունը, որ Արցախյան խնդրի առկայությունն էր այն հարցը, թե ինչու մեզ հետ հաշվի էին նստում»:
Այս հանդիպումից կոնկրետ ի՞նչ արդյունքներ պետք է ակնկալել՝ մեր հարցին ի պատասխան՝ Հրանտ Միքայելյանն ասաց. «Այսօր, օրինակ, իմացանք, որ 15․000 դեղաչափ ռուսական վակցինայից կգա Հայաստան… ինչ-որ հարցեր լուծվում են, բայց, ըստ իս, խոշոր հարցեր լուծելու համար պետք է վստահություն լինի իշխանությունների միջև, որն ակնհայտորեն չկա:
Առհասարակ, պլաններն են տարբեր իրականում, այսինքն՝ վերջին հաշվով, վերջին երեք տարվա ընթացքում ռուսական ազդեցությունը Հայաստանում նվազում էր, և այդ ուղղությամբ նաև քաղաքականություն էր վարվում, իսկ ռուսական կողմի հետաքրքրության դաշտն այն է, որ իր ներկայությունն այստեղ ավելի մեծ լինի:
Այսպիսով, կա՛մ այստեղ պետք է համաձայնության գան կողմերը, կա՛մ էլի իրար չհասկանալու խնդիր կլինի»: