
ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի շրջանակներում կա բավարար նյութ, որպեսզի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցվի. Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի շրջանակներում կա բավարար նյութ, որպեսզի Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցվի, և այդ քրեական գործի շրջանակներում նա ստիպված լինի պարզաբանումներ տալ, ինչու է այդպես վարվել 2016 թվականին և ինչում է մեղավոր։
«Նույնը կա նաև վերջին պատերազմի ժամանակ։ Կարծում եմ՝ իշխանությունը մերժեց մեր առաջարկը՝ պարիտետային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որովհետև բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի՝ պետական ռեսուրսը ոչ արդյունավետ օգտագործելու, զենքեր գնելու, որոնք մենք չէինք կարող օգտագործել, կրճատել են զինվորական ստորաբաժանումները և երկիրը պատրաստել են պարտության, այդ ամենը արվել է Արտակ Դավթյանի ԳՇ պետ եղած ժամանակ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը։
Նա նաև ցավով արձանագրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ամենավատ դերակատարները հետախուզության վարչության պետ՝ Արշակ Կարապետյանն է եղել, որը հեղափոխությունից հետո նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի խորհրդական, և օպերատիվ վարչության պետը։
«Օպերատիվ վարչության պետը նշանակվել է Գլխավոր շտաբի պետ, սա մեր պետության համար խայտառակություն է։ Պետք է Փաշինյանին հարցնենք, թե ինչու են այդ մարդկանց պաշտոնների նշանակել»,- հավելեց պատգամավորը։
Նա նաև ընդգծեց, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահն իրավունք չունի ելույթով ներկայացնել արձանագրած արդյունքները, պետք է լինի զեկույց, որը պետք է ներկայացվի ԱԺ-ին, լինի փաստաթուղթ և այն ներկայացվի ԱԺ-ին։