Ջերմոցի սեփականատերերը դժգոհ են․ Հայաստանում իրանական լոլիկը բավականին մատչելի է վաճառվում, իսկ իրենք մրցակցել չեն կարող
Իրանական լոլիկը մատչելի գնով բերում և վաճառում են Հայաստանում, ու այստեղ տուժում է տեղական արտադրանքը:
Ջերմոցային ասոցիացիա հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը կարծում է, որ միջոցներ պետք է ձեռնարկել՝ հայ ջեմոցատերերին աջակցելու համար:
«Հայաստանում իրանական լոլիկը բերում և բավականին մատչելի՝ շուրջ 400 դրամով վաճառում են, ու մենք չենք կարողանում մրցել նրանց հետ: Մեր ֆերմերներն ասում են՝ եթե 400 դրամով վաճառենք, այդ դեպքում գազի փողն ինչպե՞ս ենք վճարելու: Դրա համար կա՛մ պետք է մաքսատուրքերը բարձրացնեն, կա՛մ էլ գազի գինն էժանացնեն, որ ջերմոցները չփակվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ջերմոցային ասոցիացիա հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը:
Նրա փոխանցմամբ՝ հայերը Իրանից լոլիկ գնում են 150 դրամով և այստեղ վաճառում են 400 դրամով:
«Մարտ ամսից ավելի շատ սկսեցին ներկրել, ու քանի որ էժան է՝ շատերն են բերում. Անհատնե՞ր են, թե՞ կազմակերպություններ՝ չգիտեմ: Վրաստանից դեռևս չեն ներկրում. Վրաստանից ներկրել՝ կնշանակի՝ նաև թուրքականը բերել: Ոնց որ թե շուկայում չկա թուրքական բանջարեղեն»,- նշեց Պողոս Գևորգյանը:
Նա տեղեկացրեց, որ ֆերմերների հետ միասին նամակ են պատրաստում, որպեսզի ուղարկեն Էկոնոմիկայի նախարարություն:
Հավելենք, որ իրանական շուկայում, մասնավորապես՝ Թեհրանում, լոլիկը հայկական դրամով վաճառվում է՝ 200, պղպեղը՝ 250, կծու պղպեղը՝ 200, վարունգը՝ 200-250, գլուխ սոխը՝ 100, գազարը՝ 100, սմբուկը՝ 100, կաղամբը ևս՝ 100 դրամով: