Ջավախքցու ձեռքից խլել են քարտեզը. լենանմանների երազանքը կատարվում է. Yerkir.am

ՀՀ-Վրաստան սահմանային «Նինոծմինդա» անցակետում Ջավախքի բնակչի ձեռքից վրացի սահմանապահները երեկ հերթական անգամ խլել են Այսրկովկասը ներկայացնող քարտեզ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին Ջավախքից: Քարտեզն ուղևորը ձեռք էր բերել Երևանի գրախանութից՝ սեփական տանն ունենալու համար:

Վրացի սահմանային աշխատակիցները շուրջ 3 ժամ ուղևորին պահել են սահմանային անցակետում, հարցաքննել և, ի վերջո, «գտածոն» (քարտեզը) առգրավելով, թույլատրել մեկնել հայրենի գյուղ:

Հիշեցնենք՝ սկսած Սահակաշվիլու տխրահռչակ տարիներից, Վրաստանի անվտանգության մարմինները, սահմանային անցակետերի աշխատակիցների հետ համատեղ գործելով, տոտալ կերպով արգելում են հայալեզու գրքերի, քարտեզների, կրթամշակութային և այլ բնույթի իրերի՝ ՀՀ-ից դեպի Ջավախք փոխադրումը: Անգամ մեկ գրքի կամ քարտեզի անցկացումը սահմանով, որը որևէ օրենսդրական խախտում չի ենթադրում, վրացական իշխանությունների կողմից համարվում է անթույլատրելի: Պատճառը պարզ է՝ վրացական իշխանությունները ջավախահայության շրջանում տանում են ձուլման կատաղի քաղաքականություն, և նման պայմաններում հայատառ ցանկացած իր խոչընդոտ է դրան: (Անջատողականության մասին առասպելների թմբկահարումը զուտ պատրվակ է՝ սեփական ասիմիլյացիոն քաղաքականությունն արդարացնելու համար, քանի որ նման նյութերը 21-րդ դարի տեխնոլոգիաների պայմաններում իշաբեռներով չեն անցկացնում):

Փաստենք նաև, որ ՀՀ իշխանությունները տարիներով, արդեն՝ տասնամյակներով, որևէ կերպ չեն կարողացել լուծել ջավախահայության համար համար ողբերգական այս խնդիրը: Իսկ 2018 թ. իշխանափոխությունից հետո, ինչպես բոլոր հարցերը, այնպես էլ սույն խնդիրը, համընդհանուր քաոսի պայմաններում մատնված է բախտի քմահաճույքին: ՀՀ-ն, սկսած 2010-ական թթ. սկզբից, արդեն մեկ տասնամյակ ի զորու չէ նաև կանոնավոր կերպով դասագրքեր հասցնել Ջավախքի հարյուրավոր դպրոցներին և մեկուկես տասնյակ հազար աշակերտությանը:

Արցախի դավաճանական հանձնմամբ, ՀՀ շահերի վաճառքով ու երկրի թուրքացմամբ զբաղվող ներկայիս իշխանություններից սպասել, թե պաշտպանելու են ջավախահայության իրավունքները, պարզապես զավեշտալի է: Միայն այն փաստով, թե ով է կոչված «վճռահատելու» ջավախահայության խնդիրները, արդեն պարզ կլինի ամեն ինչ: Խոսքը, իհարկե, հայտնի ապազգային, թուրքապաշտ ու հայության հավաքական շահերի դեմ բացահայտ գործող Լենա Նազարյանի մասին է, որը, լինելով Հայաստան – Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը, նշված ոլորտում ևս աչքի է ընկել մարտնչող դիլետանտիզմով և դավադիր պահվածքով: Տվյալ պարագայում՝ թուրքերի ամրացումը Ջավախքում ևս բխում է լենանազարյանների շահերից, և հայալեզու գիրք-գրականության արգելքը միմիայն ուրախություն կարող է պատճառել նմաններին: Հիշեցնենք՝ Ջավախքում թուրքերի ամրացման և Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման մոլի ջատագովներից է եղել նաև Լենայի շեֆը՝ «Օրագիր» թերթի խմբագիր, ներկայումս ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված Նիկոլ Փաշինյանը, որը նույն թերթի էջերում ժամանակին ցինիկաբար մեղադրել է ջավախահայությանը ԿԱԲ երկաթուղային նախագծին դեմ դուրս գալու համար:

Իսկ քանի դեռ ջավախահայ շրջանակները չեն գնում Թբիլիսի և շրջափակում Վրաստանում ՀՀ դեսպանատունը, դեսպանն ու աշխատակիցները ևս շարունակելու են նշված խնդիրը համարել տասներորդական: Կարևորը՝ պարոն դեսպանի սիրելի շները կուշտ ու առողջ լինեն, իսկ ջավախահայերը Շիրազին ու Քաջազնունուն ծոցագրպաններում թաքցրած էլ կանցկացնեն:

Տեսանյութեր

Լրահոս