Բաժիններ՝

Սպուտնիկ V-ի ոդիսականը. Պուտի՞նն է հարցը սխալ ձևակերպել, թե՞ Փաշինյանն է սխալ պատասխանել

Երեկ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հետաքրքրվեց, թե Հայաստանում արդեն գրանցվե՞լ է կորոնավիրուսի դեմ ռուսական՝ Սպուտնիկ V պատվաստանյութը, ինչին Փաշինյանը երկու անգամ պատասխանեց՝ «այո»:

Վ.Պ.- Регистрация произошла у Вас уже? (Արդեն գրանցվե՞լ է Ձեզ մոտ)

Ն.Փ.- Да, да. (Այո, այո)

Զրույցից շատ չանցած Առողջապահական և աշխատանքի տեսչության դեղերի վարչության նախկին պետ Վահե Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Սպուտնիկ V-ն Հայաստանում գրանցված չէ:

«ԱՅՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, պաշտոնի չեմ, բայց պաշտոնապես հայտարարում եմ դա, ու, ի դեպ, անկեղծ լինելու համար պետք է ասեմ՝ առանց դեղի պետական գրանցման պետության կարիքների համար ու մի շարք այլ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում նույպես կարելի ներմուծել դեղ։ Մի՞գուցե այդ կերպ էր պետք պատասխանել, բայց պատասխանվեց այլ կերպ․․․ ցավոք։ Ամեն դեպքում կա մի քանի տարբերակ․ Երևի սխալ էին զեկուցել, ինքն էլ սխալ պատասխանեց, բայց դա արդեն կարևոր չէ այժմ։ Հակառակ պարագայում՝ ավելի վատ։ Կամ կա երրորդ տարբերակը, որին ավելի շատ եմ հակված – ոչ մի բան չէին նախապես զեկուցել, բայց դե պահի տակ մտածեց՝ – «գրանցումը որն ա՞, դա ինչ ա՞, ում շունն ա՞, երևի հա էլի, ոնց էլ չլինի գրանցված կլինի» ու հնչեց՝ «Գրանցված ա!!!» պատասխանը։ Ցավում եմ․․․ իսկ հարցնողը, իրոք որ, գիտի ինչ ա հարցնում…»,- գրված էր Վահե Մինասյանի ֆեյսբուքյան էջում:

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ այսպես պարզաբանեց՝ որ  Պուտին-Փաշինյան այդ պարզ երկխոսությունը սխալ ենք հասկացել:

«Հարցը վերաբերում էր Սպուտնիկ V-ի օգտագործման թույլտվությանը, և մի քանի անգամ առիթ եմ ունեցել նշելու, որ Covid-19-ի բոլոր պատվաստանյութերը այս պահին օգտագործվում են, արտակարգ իրավիճակների հետ պայմանավորված այսպիսի տերմին կա emergency use տարբերակով, և Հայաստանը, այո, տվել է նման թույլտվություն: Այսինքն՝ օգտագործման թուլտվություն կա»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ օգտագործման թույլտվություն կա, բայց գրանցվա՞ծ չէ, Ավանեսյանը արձագանքեց.

«Պատվաստանյութերի՝ այս պահին, որպես այդպիսին, գրանցում չի իրականացվում, որովհետև դրանք դեռ երրորդ փուլի մեջ են: Գրանցում օգտագործման թույլտվության լայն իմաստով, այո, տրված է»:

Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում «գրանցվա՞ծ է» հարցը:

«Օրենքն ունի մի քանի մեխանիզմ, այդ մեխանիզմներից մեկն էլ հանդիսանում է արտակարգ իրավիճակներում թույլտվություն, որ այդ պատվաստանյութը օգտագործվի, և այդ թույլտվությունը տրված է: Այս պահին բոլոր պատվաստանյութերին տրվում է օգտագործման թույլտվություն, և հարցը հենց դրան է վերաբերում: Այսինքն՝ արդյոք ունե՞նք մենք իրավական հիմքեր Սպուտնիկ V օգտագործելու, և մենք ունենք բոլոր իրավական հիմքերը»,- ասաց Ավանեսյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանն ասում, որ «գրանցված է», ոչ թե՝ «օգտագործման թույլտվություն կա», Ավանեսյանն ասաց.

«Կխնդրեմ, որ բովանդակային մոտեցում լինի նրան, ինչ որ ասում եմ, նորից նույն բանը չկրկնեմ»:

Առողջապահության նախարարը նաև նշեց, որ բոլոր պատվաստանյութերը, որոնք կավարտեն կլինիկական հետազոտությունների 3-րդ փուլը, ինչ-որ մի փուլում նաև ավարտական գրանցման վկայական կստանան:

Փաշինյանը Պուտինի հետ զրույցի ժամանակ նաև նշել էր, որ արդեն այսօր Սպուտնիկ V-ի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ, կհասնի Հայաստան:

«Բայց մենք կարիք ունենք ավելի քան 1 միլիոն դեղաչափի, բայց ես հասկանում եմ, որ Ռուսաստանում ևս պահանջարկը մեծ է պատվաստանյութի»,- ասել էր Փաշինյանը, ինչին ի պատասխան՝ Պուտինը վստահեցրել էր՝ «կլուծենք այդ խնդիրը»:

Լրագրողները Անահիտ Ավանեսյանից հարցրին, թե որքա՞ն է վճարվել այս խմբաքանակի համար:

«Երկու դոզայի համար վճարվել է 19 դոլար»,- ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս