Մելիքյանի հրապարակած ցուցակի 8-րդ համարին վստահ կարելի է հանել դավաճանների ցանկից. տելեգրամյան օգտատերը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում հայ իրավաբանների հետ Փաշինյանի հանդիպումից
Տելեգրամյան օգտատեր Միկա Բադալյանը, որը ներկայանում է «Ազատագրում» ժողովրդաազատագրական շարժման առաջնորդ, անդրադարձել է երեկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կողմից հրապարակված իրավաբանների ցանկին, որում ներառված անձինք Մոսկվայում հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ: Բադալյանը նշել է, որ ցուցակում 8-րդ համարի ներքո նշված Արմեն Սերոբյանը, ի տարբերություն մյուսների, Փաշինյանի հետ հանդիպմանը գնացել էր սուր հարցեր տալու, ուստի նրան չի կարելի ներառել դավաճանների ցուցակում:
«Բարեկամներ, ցավոք, մենք բոլորս սովոր ենք նրան, որ մեր սիրելի հայրենիքի դավաճանների ցուցակը միայն աճում է: Բայց այս խավարում դեռ լույսի շող կա: Նախկինում հրապարակված ցուցակի 8-րդ համար Արմեն Սերոբյանին, վստահ կարելի է հանել դավաճանների ցանկից:
Արմենը մի նպատակով է գնացել Փաշինյանի հետ հանդիպմանը՝ սուր հարցեր տալու, որոնք նախապես համաձայնեցված չեն եղել: Այս ամբողջ անհեթեթության մեջ, երբ Արմենը հասկացել է, որ իրեն թույլ չեն տա հարց տալ, նա ոտքի է կանգնել և հեռացել հանդիպումից: Շնորհակալություն Արմենին, որ փորձ է կատարել և ի վերջո որոշել է ցուցադրել իր վերաբերմունքը»,-գրել է Բադալյանը: