Ինչ-որ մի պահի Փաշինյանը կարող է չեղարկել իր՝ ընտրություններ անցկացնելու նպատակադրումը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր կուսակցությունները փոխել են պայքարի մարտավարությունը: Սկսել են մարզային այցելությունների շարք, հանդիպումներ են անցկացնելու մեծ ու փոքր քաղաքներում և գյուղերում: Մեծ հաշվով, արդյունավետ է պայքարի ընտրված այդ գործիքակազմը նախևառաջ այն առումով, որ իշխանափոխության անհրաժեշտության ուղերձը պետք է հասցնել նաև մայրաքաղաքից հեռու բնակավայրեր:
Հեծանիվ չենք հորինի, եթե փաստենք, որ հասարակության մի հատված խճճվել է իշխանությունների կողմից պարբերաբար հրապարակ նետվող տեղեկատվական հոսքերի մեջ, մանավանդ, երբ դրանք գերազանցապես կեղծ են ու իրար հակասող:
Թվում է, թե 21-րդ դարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացած մեր ժամանակներում պետք է որևէ խնդիր չլիներ հասարակ քաղաքացու համար ճիշտն ու սխալը, առաջնայինն ու երկրորդականը, ազգայինն ու ապազգայինը իրարից զատելու գործում: Սակայն դա այդպես չէ, քանի որ, դիցուք, Նիկոլ Փաշինյանի մի քանի մարզային հանդիպումները ցույց տվեցին, որ մարդկանց մեծ խումբ կա, որ հեշտությամբ դեռևս հավատում է իշխանությունների ստերին ու մանիպուլ յացիաներին: Մարդկանց հետ զրույցներում դա պարզ երևում էր: Տարբեր առիթներով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ եթե ընդդիմությունը քարոզչական հարթությունում պարտվեց Նիկոլին, ապա կպարտվի նաև ընտրություններում: Հետևաբար, ընդդիմության թիվ մեկ խնդիրն այս ժամանակահատվածում պետք է լինի Նիկոլ Փաշինյանի ստերին ճշմարտությունը հակադրելը:
Իսկ ճշմարտությունը շատ պարզ ու տրիվիալ է՝ վերջին 3 տարիներին հայ հասարակությունը ականատեսն է եղել իշխանության խոստումների գրեթե 100 տոկոսով տապալմանը, այսինքն՝ զրո աշխատանք նույնքան արդյունքով:
Չկա մի ոլորտ, որտեղ կա կոնկրետ արդյունք, մի կոնկրետ ձեռքբերում: Այնինչ, Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թ. մայիսին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, ազդարարեց ի լուր աշխարհի, որ կա կախարդական փայտիկ, և որ այդ փայտիկը աշխատելու է, եթե ինքն ընտրվի վարչապետ:
Ինչևէ, որևէ առանձնակի ջանք ու մասնագիտական գիտելիքներ անհրաժեշտ չեն վերլուծելու և հասկանալու այս պարզ իրողությունները, սակայն, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում, և հասարակության մի հատվածը, որը քվեարկել էր Նիկոլի օգտին, ենթագիտակցորեն ուզում է հավատալ, որ չի սխալվել իր ընտրության մեջ, և որ ամեն ինչ դեռ կորսված չէ: Իհարկե, մարդկանց կարելի է հասկանալ՝ հոգեբանական խնդիր է, որը շատերը չեն կարողանում հաղթահարել:
Այդուհանդերձ, թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը դուրս են եկել մի հարթություն, որտեղ, ըստ քաղաքագիտական կանոնների, պետք է լինեն արդար խաղի կանոններ, սակայն այդպես չէ, քանի որ իշխանությունն ինչպես 2018 թվականին, այնպես էլ հիմա ընտրել է «գոտկատեղից ներքև խփելու» մարտավարությունը: Հաջորդ կարևոր առանձնահատկությունն այս ընտրությունների, եթե դրանք իրականում տեղի ունենան, այն է լինելու, որ Հայաստանի քաղաքացիները երբևէ կանգնած չեն եղել այսպիսի ճամփաբաժանի առջև: Նախ՝ ինչ նկատի ունենք ասելով՝ «եթե տեղի ունենան ընտրություններ»: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ առերևույթ ինքնավստահ է, միևնույնն է, վախենում, շատ է վախենում իշխանությունը կորցնելու մտքից: Իսկ որ դրա համար պարարտ հող կա, աներկբա է: Հետևաբար, ինչ-որ մի պահի նա կարող է չեղարկել իր՝ ընտրություններ անցկացնելու նպատակադրումը:
Դա տեղի կունենա, երբ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ իր ուժի հաղթանակի շանսերը գրեթե զրոյական են: Ի դեպ, մեկ անգամ նա արդեն հրաժարվել է իր՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նախապես հայտարարած որոշումից: Ինչ վերաբերում է ճամփաբաժանին: Բազմիցս խոսվել է այս թեմայով, բայց ավելորդ չէ մեկ անգամ ևս կրկնել՝ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը Հայաստանը և Արցախը հասցրել են պետականության կորստի վտանգի առջև, հետևաբար նրանց իշխանության վերարտադրությունը նշանակում է այդ աղետաբեր ընթացքի շարունակություն: Հայ հասարակությունը այս ռիսկը պետք է գնահատի արտահերթ ընտրությունների ժամանակ՝ համաձա՞յն է այդ սցենարին, թե՞ ոչ: Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մնացած մարտահրավերները հաղթահարելի են»: