Փաշինյանը կարող է հավակնել ստերի ու մանիպուլյացիաների գծով «գրոսմայստերի» կոչման․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում ստեղծված անորոշ իրավիճակը շարունակում է պահպանվել։ Ճիշտ է՝ Փաշինյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին և անգամ դրա համար հատուկ օր է նշում, բայց գրեթե ոչ ոք չի հավատում, որ այդ ընտրություններն իրոք տեղի կունենան: Նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են մասնակցել ընտրություններին, հատուկ շեշտում են՝ «եթե այն կայանա»։ Իսկ ինչո՞ւ է այդպես:
Պատասխանը պարզ է՝ Փաշինյանի խոսքը կորցրել է իր արժեքը (եթե, իհարկե, երբևէ ունեցել է արժեք), և, ընդհանրապես, հավատ չկա նրա որևէ հայտարարության, որևէ ասածի նկատմամբ։ Հարցն այն է, որ Փաշինյանը ստերի և մանիպուլ յացիաների մեծագույն վարպետ է, և, օրինակ՝ բացառված չէ, որ վերջնականապես պարզելով, որ իրենց հաղթելու շանսերը զրոյական են, իշխանությունները պատճառաբանեն, օրինակ՝ կորոնավիրուսի տարածումը, կամ հազար ու մի այլ հանգամանքներ, ու արդյունքում հետաձգեն կամ չեղարկեն իրենց իսկ կողմից հայտարարված ընտրությունները։
Փորձով է ապացուցված, որ Փաշինյանը միևնույն հարցի շուրջ կարող է մի քանի անգամ փոխել իր դիրքորոշումը, կարևորը, որ ինքը կարողանա այդ իրադրությունից շահած դուրս գալ, իսկ թե դա ինչպես կանդրադառնա պետության վրա, իրեն այնքան էլ հետաքրքիր չի։
Այդ է պատճառը, որ Փաշինյանի հայտարարություններն ու խոստումները, որպես կանոն, ոչ միայն հակասել են միմյանց, այլև հեռու են եղել իրականությունից։ Անցյալ տարի տեղի ունեցած պատերազմը դրա վառ օրինակն է, թե ինչպես կարելի է մոլորության մեջ պահել մի ողջ ժողովրդի։ Ժողովրդի հետ Արցախյան հիմնախնդիրը հրապարակային քննարկել խոստացած իշխանությունների քարոզչամեքենան պատերազմի օրերին գրեթե ամեն օր հայտարարում էր հաղթելու մասին, բայց իրականում հայկական կողմն անընդմեջ զիջում էր իր դիրքերը։ Հենց այդպես էլ «հաղթելու ենք» կարգախոսների ներքո ժողովրդին առաջնորդեցին դեպի կապիտուլ յացիա՝ իսկական շոկի ենթարկելով հանրությանը։
Այդպես Փաշինյանը նաև «տնտեսական հեղափոխություն» էր խոստանում, որը այն ժամանակ էլ դարձավ տնտեսագետների հեգնանքի ու թերահավատության առարկա: Սակայն եթե մի որոշ ժամանակ այդ «հեղափոխությունը» միայն մանիպուլացվող վիճակագրական ցուցանիշներում էր, ապա վերջերս այն լիովին հօդս է ցնդել։
Բայց Փաշինյանը չի դադարում մոլորեցնել ժողովրդին, ինչ-որ ՀԴՄ-ների թիվ է գտնում և փորձում է համոզել, թե տնտեսությունը սկսել է վերականգնվել, այնինչ այսօր տնտեսական դրությունը ոչ միայն շարունակում է բարդանալ, այլև շատ մարդիկ ուղղակի ծայրահեղ վիճակում են հայտնվել։
Նույն կերպ հիմա նա խոսում է բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցների ավելացման մասին, բայց իրականում մենք բախվել ենք բյուջեի դեֆիցիտի ավելացմանը։ Փաշինյանը մարդկանց խոստանում էր, թե հսկայածավալ ներդրումներ են լինելու, սակայն իշխանափոխությունից հետո ոչ միայն ներդրումներ չկան, այլև, դրան հակառակ, կապիտալի արտահոսքն է արագացել։ Փաշինյանի կողմից շահարկվող թեմաներից են նաև կոռուպցիայի, թալանի ու մենաշնորհների վերացման հարցերը։ Նա խոստանում էր կոպեկ առ կոպեկ վերադարձնել ժողովրդից թալանվածը և գողացվածը, որի արդյունքում մարդիկ սկսելու են լավ ապրել, բայց այս երեք տարվա ընթացքում, բացի շոուներից ու «բռնոցի-թողոցիների» անվերջ տեսարաններից, առարկայական ոչ մի քայլ չարվեց՝ ցույց տալով, թե որքան ուռճացված էին պատկերացումները այդ «թեմաների» մասին:
Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, ապա ժամանակը ցույց է տալիս, որ քայլողները ավելի հակված են դեպի կոռուպցիան։ «Թավշյա» պաշտոնավորների բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ մեր աչքի առջև են։ Փաշինյանը միշտ խաբել է ու հիմա էլ շարունակում է նոր ստեր հորինել՝ ընտրություններին ընդառաջ հասարակությանը «կերակրելու» համար։
Բայց այնպես չէ, որ նա միայն իշխանությունը ստանձնելուց հետո է հմտացել մանիպուլ յացիաների մեջ։ Նա այդպիսին եղել է միշտ: Եթե հիշում եք, ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը ԵԱՏՄից դուրս գալու անհրաժեշտության մասին ամպագոռգոռ ճառեր էր ասում, իսկ հիմա ամեն անգամ խոսում է ԵԱՏՄ-ի ընձեռած տնտեսական հնարավորությունների մասին։ Ժամանակին նա նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ամենամոլի քննադատներից մեկն էր, բայց ստացվեց այնպես, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը սահուն անցկացրեց իր կողմից այդքան «ատելի» կուտակայինը։
Նույն կերպ ընդդիմադիր Փաշինյանը դեմ էր պետական պարտքի ավելացմանը և միշտ դեմ էր քվեարկում վարկային համաձայնագրերին, բայց ինքը բոլորից շատ է ավելացրել պետական պարտքը՝ պետության վրա լրացուցիչ բեռ դնելով։ Այսպիսի օրինակներով, այսինքն՝ դրանք միայն թվարկելով՝ կարելի է հատորներ գրել: Այնպես որ, ցանկացած թեմայի շուրջ հանրությանը մոլորեցնելու հարցում Փաշինյանն արդեն տարիների փորձ ունի, այդ ամենը նրա արյան մեջ է ներծծված, ուստի շատ հանգիստ կարող է հավակնել ստերի մանիպուլ յացիաների գծով «գրոսմայստերի» կոչման»։