Խոշտանգման դեպքերով դատարան ուղարկվող քրեական գործերի թիվը 2 տարում կրկնակի ավելացել է
ՀՀ դատախազությունը շարունակում է խոշտանգումների դեմ պայքարի իրավական գործիքակազմի կատարելագործման ուղեգիծը:
2020թ. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստվել է 47 նյութ, որը 17.5%-ով ավելի է 2019թ. համեմատ: Դրանց արդյունքում հարուցվել է 37 քրեական գործ, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է շուրջ 11%-ով:
2020թ. մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քննված 6 քրեական գործ՝ 11 անձի վերաբերյալ, որոնցից 2-ը՝ 4 անձի վերաբերյալ, եղել է ՀՀ քրեական օրենսգրքի 309․1-րդ հոդվածով, 4-ը՝ 7 անձի վերաբերյալ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Պահպանվել է արդեն մի քանի տարի շարունակվող՝ նշված հանցակազմերով դատարան ուղարկվող ինչպես գործերի, այնպես է դրանցով քրեական հետապնդման ենթարկվող անձանց թվի ավելացման միտումը՝ վկայելով այս բնույթի հանցագործության դեպքերի արձանագրման, բացահայտման ուղղությամբ վերջին տարիներին իրականացվող քրեական քաղաքականության արդյունավետությունը: Համեմատության համար՝ 2019թ.-ին դատարան էր ուղարկվել 5 նման քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, իսկ 2018թ.-ին՝ 3 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ:
Հանցագործության նման դեպքերով քիչ չեն անձանց կողմից իրավունքի չարաշահման դրսևորումները: Տարբեր հանցագործություններ կատարած անձինք մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով դիմում-բողոքներ են ներկայացնում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին: 2020թ. խոշտանգման փաստով քննված քրեական գործերի նախաքննության արդյունքներով սուտ մատնության հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, որից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատարանում քննված մեկ քրեական գործով 1 պաշտոնատար անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ՝ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարի հիմնական խնդիրներից մեկը մնում է կասկածյալների, մեղադրյալների հարցաքննությունների, նրանց մասնակցությամբ կատարվող քննչական այլ գործողությունների հազվադեպ տեսաձայնագրումը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դեռևս 2017թ.-ի հունիսին ՀՀ դատախազության կողմից ՀՀ նախաքննական մարմինների ղեկավարներին ուղարկվել են հաղորդումներ՝ միջոցներ ձեռնարկելու քննչական պրակտիկայում կասկածյալների և մեղադրյալների հարցաքննությունների, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կատարվող այլ քննչական գործողությունների տեսագրումն ապահովելու ուղղությամբ՝ առնվազն այն դեպքերում, երբ կասկածյալը կամ մեղադրյալը չունի պաշտպան:
Դատախազության նկատառումների հաշվառմամբ, նաև հիմք ընդունելով «ՀՀ ոստիկանության զարգացման 2020-2023 թվականների ռազմավարությունը»՝ Ոստիկանության մասին ՀՀ օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի՝ ոստիկանությունում խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի նախականխման և բացառման նպատակով նախատեսվել է ոստիկանության ստորաբաժանումների շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Սահմանվել են տեսագրությունների և տեսաձայնագրությունների պահպանման կոնկրետ ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու կառուցակարգերը:
Առանձին դեպքերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները համապատասխան մարմինների կողմից անհապաղ չեն ուղարկվում համապատասխան քննչական մարմնի քննարկմանը: Այդ պատճառով հետագայում քննության ընթացքում խոչընդոտներ են ստեղծվում օպերատիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովման առումով, քանի որ հաճախ ենթադրյալ խոշտանգում կատարած անձինք համաձայնեցնում են իրենց ցուցմունքները: Բացի այդ, խոշտանգման ենթարկված անձի հայտնած տվյալները հնարավոր չի լինում ստուգել՝ դեպքից տևական ժամանակ անցած լինելու պատճառով։
Այս խնդիրը լուծելու և խոշտանգման վերաբերյալ գործերով քննության արդյունավետության չափանիշները պարտադիր կիրառելի դարձնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ վերջինիս տարածքային մարմիններ ընդունված անձանց մոտ զննությամբ վնասվածքներ հայտնաբերվելու, դրանք ենթադրյալ խոշտանգման արդյունքում հասցված լինելու վերաբերյալ կազմված փաստաթղթերը անհապաղ ՀՀ դատախազությանը տրամադրելու նպատակով: Զուգահեռաբար ՀՀ ՀՔԾ-ին ուղղված գրությամբ շեշտվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերով քննությունները վերը նշված չափանիշներին և Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին համապատասխանության ապահովման շրջանակներում ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականի արժանացնելու դրսևորումները բացառելու անհրաժեշտությունը։ Դատախազներին հանձնարարվել է խոշտանգման ենթարկված անձանց բողոքները և պնդումներն անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննական մարմին ուղարկելու հարցը քննարկելու համար։
Խնդիր է դրվել նաև բացառել ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումներին զուտ գրությամբ պատասխանելու կամ այլ կերպ անհետևանք թողնելու դեպքերը: Ելնելով նման դեպքերով բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու պետության պոզիտիվ պարտականությունից՝ հանձնարարվել է անկախ ներկայացվող հաղորդումներում պարունակվող տեղեկությունների ընդհանրական լինելու հանգամանքից, միայն համապատասխան դատավարական անհրաժեշտ գործողությունները կատարելու արդյունքում որոշել քրեական գործ հարուցելու հարցը:
Բացի այդ, հանձնարարվել է բացառել ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների հիմնավորվածությունը գնահատելուն ուղղված միջոցների հապաղումը, իսկ հիմքերի ընդհուպ նվազագույն հիմնավորվածության պայմաններում հարուցել քրեական գործ։
Խոշտանգման հանցագործության վերաբերյալ ՀՀ դատախազության մոտեցումները բխում են ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ձևավորված այն սկզբունքից, որ դրանք վաղեմության ժամկետ չունեն: Ելնելով դրանից՝ դատախազությունը մեկ գործով 2020թ., ըստ էության, մերժելով ՀՀ դատական համակարգում ձևավորված պրակտիկան, ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ գտնելով, որ պետության ներկայացուցիչների կողմից վատ վերաբերմունքի կամ խոշտանգման գործերով քրեական վարույթը չպետք է դադարեցվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ անկախ նրանից, որ ՀՀ ներպետական օրենսդրությունը խոշտանգումը չի ներառում այն հանցատեսակների շարքում, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի չեն կամ կիրառելի են սահմանափակումներով:
Այս հարցում վերջնական հստակեցում մտցնելու համար ՀՀ վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով Դատախազության բողոքը, դիմել է ՄԻԵԴ խորհրդատվական կարծիք ստանալու այն հարցի վերաբերյալ, թե խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառումն արդյոք համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին: