Ո՞ր երկրներում արտադրվող դետալներ և սարքավորումներ են օգտագործվել վերջին պատերազմում Ադրբեջանի կիրառած սպառազինություններում

168.am-ը փաստեր է հավաքագրում՝ պարզելու և ցույց տալու, թե Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կիրառված սպառազինություններում ո՞ր երկրներում արտադրվող դետալներ, սարքավորումներ են եղել, օգտագործվել:

Տեղական և ոչ տեղական մամուլը գրեց, որ արցախյան վերջին պատերազմում «Ան-2» ինքնաթիռները որպես անօդաչու թռչող սարք են մտել և մարտական գործողությունների ժամանակ կիրառվել Ադրբեջանի կողմից, ինչի մասին ավելի ուշ փաստեց նաև ՊԲ-ն, երբ հրապարակեց տեսանյութեր, որտեղ երևում է մեր հակաօդայինների կողմից «Ան-2»-ների  խոցում:

Բաքուն, որպես ԱԹՍ, «Ան-2»-ը վերջին պատերազմում կիրառել է և՛ հարվածային, և՛ հայկական ՀՕՊ համակարգերի տեղորոշումները մատնելու նպատակով:

Ի դեպ, ՊԲ-ն լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում է, որ «անօդաչու» «Ան-2»-ի վրա օգտագործվում են տարբեր երկրներում արտադրված սարքավորումներ, մասնավորապես՝ գերմանական «Hawker» և «Varta» ընկերությունների մարտկոցները:

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն այդ առնչությամբ ասաց.

«Օրինակ, «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ի դետալների հիմանական, այսպես ասած, մատակարարներն են՝ ԱՄՆ-ը, Կանադան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան,  Հոլանդիան: Նշենք, որ նշված երկրները ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են: Պատերազմի օրերին նշված երկրներում գործունեություն ծավալած տարբեր ընկերություններ հայտարարեցին, թե տեղյակ չեն եղել, որ իրենց արտադրանքն օգտագործվել է ռազմական նշանակություն ունեցող սարքավորումներում, և վստահեցրին, որ հետաքննություն են իրականացնելու՝ պարզելու համար՝ ինչպես են այդ սարքավորումները հայտնվել ռազմական նշանակության սարքերի վրա, սակայն պատերազմից հետո այդ թեմայի շուրջ քննարկումները կարծես թե մոռացության մատնվեցին, և հստակ տեղեկատվություն այս պահին չկա՝ արդյոք եվրոպական և ամերիկյան այդ ընկերությունների սարքավորումները շարունակո՞ւմ են անհայտ ճանապարհով հայտնվել Ադրբեջանում և Թուրքիայում»:

Տեսանյութեր

Լրահոս