
Մերկելը կողմ է կորոնավիրուսի պատճառով Գերմանիայում խստացված լոքդաուն հայտարարելուն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել երկրում խիստ պայմաններով լոքդաուն հայտարարելուն: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Ուլրիկե Դեմերը:
Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի համավարակի տարածման երրորդ ալիքը: Երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2.9 մլնի: Մահացել է 77 հազար 401 մարդ: Կարճաժամկետ համընդհանուր լոքդաուն հայտարարելու անհրաժեշտության մասին բարձրաձայնել էին Գերմանիայի տարբեր երկրամասերի ղեկավարներ:
Ուլրիկե Դեմերը հայտնել է, որ կառավարությունը ևս անհրաժեշտություն է տեսնում երկրում համընդհանուր լոքդաուն հայտարարել: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում հնարավոր է նման խստացված միջոցառումների կիրառման քննարկումը: