Young Turks ձայնագրման լեյբլը հրաժարվել է անվանումից՝ Հայոց ցեղասպանության ճարտարապետների հետ չնույնացվելու համար

Բրիտանական Young Turks ձայնագրման լեյբլը որոշում է կայացրել փոխել անվանումը և հեռացնել անվանման «Turks» բաղադրիչը՝ կապված Հայոց ցեղասպանության եզրույթի հետ ունեցած առնչության հետ:

Young Turks թարգմանաբար նշանակում է «Երիտասարդ թուրքեր»: Պարզվում է, որ լեյբլի հիմնադիրը` Քեյըս Փոուսոնը 2005 թվականին այն անվանակոչելու ժամանակ անտեղյակ է եղել, որ Young Turks` թարգմանաբար երիտթուրքեր են կոչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ծրագրած և իրականացրած «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամներին: Լեյբլի հիմնադրման ժամանակ հաշվի է առնվել խոսակցական անգլերենում Young Turks-ի նշանակությունը. այն է` ըմբոստ, ապստամբ երիտասարդներ:

Young Turks ձայնագրման լեյբլի հիմնադիր Քեյըս Փոուսոնը «Ինստագրամ»-ի իր էջում պաշտոնապես հայտարարել է անվանափոխության մասին՝ ներկայացնելով դրա պատճառները: Նա նշել է, որ 2005 թվականին որոշվեց լեյբլը կոչել Young Turks՝ ոգեշնչվելով Ռոդ Ստյուարտի համանուն երգից:

«Մենք անտեղյակ էինք եզրույթի ավելի խորը պատմությունից, մասնավորապես, որ Երիտթուրքերն այն խումբն էր, որը 1915 թվականից իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Շարունակական խոսակցություններից ու նամակներից հետո, երբ սկսեցինք տեղեկանալ խնդրի մասին, ակնհայտ դարձավ, որ այս անունը մարդկանց համար ցավի և շփոթմունքի աղբյուր է»,- նշել է Փոուսոնը՝ ընդգծելով, որ ձայնագրման լեյբլն անվանափոխելու և Young կոչելու իրենց որոշումը ճիշտ է:

Հայոց ցեղասպանության տարելիցին՝ ապրիլի 24-ին ընդառաջ Young-ը, ի հիշատակ Ցեղասպանության ժամանակ զոհված և այն վերապրած հայերի, նվիրատվություն է կատարել Լոնդոնում գործող «Հայ հիմնարկ» մշակութային բարեգործական կազմակերպությանը:

Միջազգային լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են ձայնագրման լեյբլի որոշմանը՝ մեկ անգամ ևս արծարծելով Հայոց ցեղասպանության թեման:

Տեսանյութեր

Լրահոս