Ինչո՞ւ է Փաշինյանի հռետորաբանությունը Պուտինի հետ հանդիպման նախաշեմին այդքան հանկարծակիորեն փոխվել. Взгляд
Նիկոլ Փաշինյանը կրկին ժամանում է Մոսկվա և այս անգամ նորությունների ամբողջական փնջով, որոնք կոչված են դրական ֆոն ստեղծելու Ռուսաստանի նախագահի հետ նրա շփման համար: Դա վերաբերում է ինչպես ռուսական զենքի, այնպես էլ Հայաստանի գեներալական կազմի հանդեպ նրա վերաբերմունքին: Ինչո՞ւ է Փաշինյանի հռետորաբանությունն այդքան հանկարծակիորեն փոխվել, գրում է Взгляд պարբերականը` հիշեցնելով Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանի առաջնահերթ խնդիրներից մեկը զինված ուժերի զինանոցը ժամանակակից զենքերով համալրելն է: Նա նաև հայտնել էր, որ այսօր Պուտինի հետ կայանալիք բանակցություններին նախատեսում է քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցերը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ղեկավարները կքննարկեն Լեռնայի Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործմանն ու հունիսին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը: Մինչդեռ Փաշինյանը շեշտադրումն արել էր հենց ռազմատեխնիկական թեմային:
Ինչպես աղբյուրը նկատում է, Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ հայտարարել է, որ երկրում բարեփոխումներ են սկսվել բանակում, «որոնք իրականացվում են ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»: Այս հայտարարությունները կտրուկ հակասում են Փաշինյանի` նախկինում արած հայտարարությանը «Իսկանդեր» համալիրների մասին, որից արձակած հրթիռը, ըստ Փաշինյանի, «պայթել էր 10 տոկոսով»:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստան այցի նախօրեին ՀՀ իշխանությունները ևս մեկ բարեկամական քայլ են կատարել միաժամանակ ինչպես ընդդիմության, այնպես էլ Մոսկվայի հանդեպ: Խոսքը 2008 թվականի մարտի մեկի գործի կարճումն է, որից հետո դադարեցվում է քրեական հետապնդումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որը, ինչպես հայտնի է, բարեկամական հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ: Միևնույն ժամանակ դադարեցվել է քրեաական հետապնդումը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ:
«Ակնհայտ է, որ Փաշինյանը կարող է երկու տեսակի զենք խնդրել Ռուսաստանից` հակաօդային պաշտպանության համակարգ և ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված տեխնիկա», -պարբերականի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին: Նրա կարծիքով` Երևանը կքննարկի սպառազինման ժամանակակից միջոցներ գնելու հավանականությունն այն մեխանիզմով, որը ստեղծվել էր Հայաստանի նախկին իշխանությունների օրոք` ռուսական վարկով վճարելու հաշվին:
«Ինչ վերաբերում է Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի քաղաքական բաղադրիչին, պետք է հասկանալ, որ նա շփումը ռուսաստանյան ղեկավարության հետ օգտագործում է իր վարկանիշը պահպանելու համար»,- նկատել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Գլխավոր հարցն այն է, թե ինչու է Մոսկվան համաձայնել ընդունել Փաշինյանին, որի հետ այս տարիներին ոչ հարթ հարաբերություններ են ձևավորվել: Այս հարցին անդրադառնալով` հոդվածագիրը նշում է, որ մի կողմից Կրեմլից հաստատել են, որ անցյալ շաբաթ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քոչարյանի հետ, մյուս կողմից` Մոսկվան պատրաստվում է բարձրագույն մակարդակով ընդունել գործող ղեկավարին:
Զատուլինի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը փորձում է իր նպատակներին ծառայեցնել Մոսկվայի մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճակատագրով: «Մինույն ժամանակ Փաշինյանը գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը հայերի համար փրկարար խարիսխ է: Գլխավոր հարցը վերջնական հաշվով այն է` վստահ է արդյոք Ռուսաստանի ղեկավարությունն այն հարցում, որ մեր դաշնակից Հայաստանը վստահելի ձեռքերում է գտնվում, երբ երկիրը ղեկավարում է Փաշինյանը»,- դիտարկում է պատգամավորը:
Վերջինս կասկածանք է հայտնել, որ Պուտինը նման վստահություն ունի: «Վլադիմիր Պուտինն արդեն դիրքորոշում է ընդունել, որի պարագայում չի պատրաստվում միջամտել Հայաստանի ներքին գործերին: Եվ դա ճիշտ է` հաշվի առնելով հայ ընտրազանգվածի քաղաքականացվածությունն ու զգացմունքայնությունը: Թեև Փաշինյանն այս հանդիպումն օգտագործելու է, որպեսզի իրեն ներկայացնի որպես միակ քաղաքական գործչը երկրում, որն ընդունակ է զրուցել Պուտինի հետ, դա բոլորովին չի երաշխավորում նրա հաղթանակն ընտրություններում»,- կարծում է Զատուլինը:
Նման դիտարկում է արել նաև ՌԴ Հասարակական պալատի անդամ Սերգեյ Մարկովը, որի կարծիքով` Փաշինյան երկու նպատակ է հետապնդում, որոնք ցանկանում է լուծել Մոսկվա այցի օգնությամբ:
«Առաջին հերթին, նա ձգտում է հասկանալ` արդյոք Ռուսաստանն աջակցում է իրեն կայանալիք ընտրություններում: Երկրորդ, նրա համար կարևոր է հաշտվել Մոսկվայի հայկական սփյուռքի հետ, որն այժմ Փաշինյանի դեմ է տրամադրված և աջակցում է Քոչարյանին»,- նշում է փորձագետը: