ԱԺ հանձնաժողովը «Պետական տուրքի մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունեց՝ առանց կառավարության դիրքորոշման
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։
Օրենքի նախագիծը հեղինակել են իմքայլական պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Մխիթար Հայրապետյանը և արդեն այլ աշխատանքի անցած Վահագն Թևոսյանը։
Ներկայացնելով նախագիծը՝ Անուշ Բեղլոյանն ասաց, որ նախորդ տարի ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը, ի թիվս այլ կարգավորումների, կանոնակարգում է նաև հեռուստաընկերությունների լիցենզավորման կարգը, իսկ պետական տուրքի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ պետական տուրք գանձվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար:
«Հետևաբար՝ օրենքում կատարվող լրացումն ու փոփոխությունը նպատակաուղղված են մեդիաոլորտի իրավական դաշտի կարգավորման շարունակականության ապահովմանը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ամրագրված մի շարք սկզբունք-ելակետերի ապահովմանը՝ ինչպիսիք են, օրինակ, մեդիադաշտ մուտք գործելու հասանելիությունը, տեսալսողական հաղորդումների բազմազանության ապահովումը, օժանդակումը։
Նախագծով առաջարկվում է մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան սահմանել՝ բազային տուրքի 3000-ապատիկի, իսկ Երևանում՝ 30․000-ապատիկի չափով տուրք»,- շեշտեց պատգամավորը:
Նա նաև ընդգծեց, որ օրենքի այս փոփոխություններով նախագծի հեղինակները ցանկանում են խրախուսել ու խթանել մասնավոր մուլտիպլեքսների զարգացումը Երևանում և ազատականացնել շուկան մարզային հեռուստաընկերությւոնների համար։
Կառավարության ներկայացուցիչ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ կառավարությունը վերջնական դիրքորոշում չունի։
«Նախագիծը կառավարությանը ներկայացնելուց հետո հավելյալ հիմնավորումներ էր առաջացել, որոնք վերջերս են ներկայացվել, հնարավոր է՝ կառավարության ներկայացուցիչները ներկայացնեն հավելյալ դիտողություններ։ Մեր վերջնական դիրքորոշումը կներկայացնենք նախքան երկրորդ ընթերցումը»,- շեշտեց նա։
Չնայած կառավարությունը դեռ դիրքորոշում չէր ներկայացրել, քննարկելուց հետո հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն տվեց։