Գյանջալիևն իր համար ցանկալին ներկայացրել է իրականության տեղ, Արցախի նախագահի խոսնակի արձագանքը
Ադրբեջանցի հասարակական գործիչ Թուրալ Գյանջալիևն իր համար ցանկալին ներկայացրել է իրականության տեղ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող ՀԿ ղեկավար Թուրալ Գյանջալիևի այն հայտարարությունը, ըստ որի՝ նա իբր Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում:
«Այդ հայտարարությունն ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է, որը ներկայացնում են որպես իրականություն: Այսպիսի էժանագին տեղեկատվական սպեկուլյացիաներով նրանք նպատակ ունեն մոլորության մեջ պահելու իրենց հասարակությանն ու նյարդայնացնելու հայ հասարակությանը: Նրանք Ստեփանակերտում գրասենյակի տեղ կարող են փնտրել միայն քարտեզի վրա: Որքան էլ ադրբեջանական կողմը փորձի ներկայացնել, թե հակամարտությունը կարգավորված է կամ Արցախում իրենք կարող են իրականում նման հնարավորություն ունենալ, շատ լավ հասկանում են, որ դա այդպես չէ: Կան չլուծված բազմաթիվ խնդիրներ՝ Արցախի միջազգային կարգավիճակից մինչև հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում»: