Լավրովը հայտարարել է այլ երկրներ պատվաստանյութ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ է տեղեկատվական թափանցիկության հիման վրա կարիքավոր երկրներին պատվաստանյութեր մատակարարել COVID-19-ի դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը News International պակիստանյան թերթին տված հարցազրույցում:
«Ներկայում գերակայությունը բնակչության պատվաստումն է: Իհարկե, հակաքովիդային պատրաստուկների արդարացի բաշխման հարցը խիստ զգայուն հարց է, հատկապես աղքատ երկրների համար: Այդ կապակցությամբ պատրաստ ենք տեղեկատվական թափանցիկության հիման վրա ռուսաստանյան անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութեր մատակարարել»,-ասել է նա: Նախարարը հիշեցրել է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների մասին համաձայնություն է ձեռք բերվել ավելի քան 50 պետությունների հետ, իսկ մի շարք երկրներում գործարկվել է դրա արտադրությունը: «Կշարունակենք մեր ավանդը ներդնել COVID-19-ի դեմ պայքարի միջազգային ջանքերում: Այսուհետեւ եւս կօգնենք տուժած երկրներին ինչպես երկկողմ ձեւաչափերով, այնպես էլ բազմակողմ կառույցների գծով»,-նշել է Լավրովը: Միեւնույն ժամանակ Լավրովը հավելել է, որ Մոսկվան Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համարում է գլխավոր միջազգային հարթակ՝ համավարակի դեմ պայքարի գործում գլոբալ ջանքերի համակարգման համար:
«Ելնում ենք այն բանից, որ կազմակերպությունն ընդհանուր առմամբ իրականացնում է իր գործառույթները: Հետագայում էլ տարբեր առումներով օգնություն կցուցաբերենք նրան»,-ասել է նա: Ռուսաստանի առջողապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել է COVID-19-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ում: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: «Սպուտնիկ V»-ն գրանցվել է 1,5 միլիարդից ավելի ընդհանուր բնակչություն ունեցող 59 երկրներում: Նաեւ Ռուսաստանում ստեղծվել են COVID-19-ի դեմ եւս երկու պատվաստանյութեր՝ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա»-ն, որը գրանցվել է հոկտեմբերին, եւ Ռուսաստանի ԳԱ-ի Չումակովի անվան կենտրոնի «ԿովիՎակ» պատվաստանյութը: Ինչպես սպասվում է, պատվաստանյութը գրանցում կարող է ստանալ մինչեւ տարեվերջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: