«Մեծ ցավ եմ ապրում առհասարակ տեղի ունեցած պրոցեսների մասով». Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քրեական օրենսգրքի  300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՍԴ որոշման առնչությամբ որևէ մեկնաբանություն չունի։ Ասում է՝ պետք է պատասխանատու մարմիններն այդ ամենը մեկնաբանեն, քանի որ Արդարադատության նախարարը չի կարող պատասխանել կոնկրետ քրեական գործերով, կոնկրետ հետևանքների մասին հարցերի։

«Կարող եմ ասել, որ մեծ ցավ եմ ապրում առհասարակ տեղի ունեցած պրոցեսների մասով, չգիտեմ՝ Մարտի 1-ի գործով նախաքննական մարմնում կա՞ գործ, որի քննությունը շարունակվում է։ Կրկին պետք է դիմել պատասխանատուներին և ստանալ համապատասխան մեկնաբանություններ։

Արդեն կա դատական որոշում, դատախազությունը պետք է որոշի՝ այդ ակտը ենթակա՞ է բողոքարկման, թե՞ ոչ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին և դատական համակարգին, Ռուստամ Բադասյանն ասաց, որ հանրության հետ պետք է ազնիվ լինել ու ասել, որ իշխանությունը որոշ ոլորտներում ձախողել է։

«Դատաիրավական ոլորտի բարեփոխումների հետ կապված պատասխանատուն ես եմ, քննադատության հիմնական թիրախը նրանում է, որ վեթինգ չի կատարվել, ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն։ Ցանկացած որոշում, որը կընդունվի, եթե որոշեն, որ ես եմ պատասխանատուն հենց այդ հարցում, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանին, Ռուստամ Բադասյանն ասաց, որ, երբ առաջացավ  ՍԴ-ի ճգնաժամը, մեկնաբանվել է, թե ինչ է նշանակում ճգնաժամ։ Ըստ նախարարի, ՍԴ-ում կային դատավորներ, որոնք փաստացի ունեին տարբեր կարգավիճակներ։

«Ասելով՝ Մարտի 1-ը բացահայտված է, արդեն պարզաբանվել է, ես պետք է վերարտադրեմ պարզաբանումը։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի հետևել հենց բուն տեքստին, որ բացահայտված են այն դերակատարները, ովքեր որոշումներ են կայացրել, այդ որոշումների արդյունքում ինչ է կատարվել, և այլն։ Սա չէր նշանակում, որ մենք դատական ակտ ենք կայացնում կամ կարող ենք դատական ակտ կայացնել»,- շեշտեց Ռուստամ Բադասյանը։

Տեսանյութեր

Լրահոս