
ԿԺԴՀ-ն չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին

ԿԺԴՀ-ն չի մասնակցի այս տարվա ամռանը Տոկոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, որպեսզի իր մարզիկներին պաշտպանի կորոնավիրուսով վարակվելուց: Ապրիլի 6-ին այդ մասմին հաղորդել է Հարավային Կորեայի Yonhap գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ այդ որոշումն ընդունվել է ԿԺԴՀ-ի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) նիստում, որը կայացել է մարտի 25-ին Փհենյանում: Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի ԱՕԿ-ի նստաշրջանը տեղի է ունեցել մարտի 25-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով:
Նիստի մասնակիցները քննարկել են «գործնական հարցեր՝ կապված հասարակական մարզական միջոցառումների անցկացման հետ»: Իրենց ելույթներում ԱՕԿ-ի նախագահ Կիմ Իր Գուկը, որը նաեւ զբաղեցնում է սպորտի նախարարի պաշտոնը, եւ մյուս մասնակիցները խոսել են այդ թվում «միջազգային մարզական կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդման» անհրաժեշտության մասին:
Տոկիոյում Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները հետաձգել են մեկ տարով եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: