Արցախի և Ադրբեջանի միջև հանդիպումներ, շփումներ տեղի են ունենում, որոնք տեխնիկական բնույթ են կրում. Դավիթ Բաբայան
Ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովն այսօր աղմկահարույց մի շարք հայտարարություններով է հանդես եկել: «Հոդված 3» ակումբի կազմակերպած տեսաքննարկման ժամանակ ադրբեջանցի գործիչը նշել է, որ պատերազմից հետո արցախա–ադրբեջանական շփումներ են տեղի ունենում: Յունուսովը մասնավորապես հայտնել է, որ տեղի է ունեցել 2 հանդիպում կողմերի միջև:
Ըստ նրա, հակամարտության գոտում բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, որոնք լուծման ենթակա են, օրինակ, հենց Շուշիի էներգամատակարարման, գազամատակարարման հարցը, իսկ Շուշին, նրա որակմամբ, շրջափակման մեջ է, ուստի իրականում ներկայումս ընթանում են կոնֆիդենցիալ կոնտակտներ ադրբեջանական և արցախյան կողմերի միջև:
Նրա փոխանցմամբ՝ արդեն 2 հանդիպում է տեղի ունեցել, և ոչ ոք չի բարձրաձայնում այդ մասին, սակայն հանդիպումներ եղել են Արցախի տարածքում՝ ոչ Ստեփանակերտում։
«Հյուսիսում և Հարավում երկու հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի պատասխանատու դեմքերի մասնակցությամբ՝ նախագահական աշխատակազմից և Ազգային անվտանգության ծառայությունից և հայկական կողմից»,- ասել է Յունուսովը:
Նա նշել էր նաև, որ շատ խնդիրներ է ստեղծում նաև այն հանգամանքը, որ շփման գիծ, որպես այդպիսին, չկա, կան բնակավայրեր և անցակետեր, իսկ դրանց միջև դատարկ է:
Յունուսովի հաջորդ ուշագրավ միտքը վերաբերում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի կատարած այցին: «Օրինակ, հասկանալի է, որ Իլհամ Ալիևը, ինչպես պաշտոնապես ասվեց, գրունտային ճանապարհներով չի գնացել Շուշի, այլ Կարմիր շուկայով, որը հայկական վերահսկողության տակ է: Այսինքն՝ հայկական կողմն այս կամ այն ձևով տեղեկացված է կամ գիտի դրա մասին, այսինքն՝ այնտեղ ինչ-որ բաներ են տեղի ունեցել նրա այցի հետ կապված: Չէ՞ որ պարզ է՝ նա հենց այնպես չի գնացել, պարզ է, որ նախապես բանակցություններ են ընթացել, լուծվել է նրա անվտանգության հարցը, այնտեղ նաև նրա տիկինն էր՝ փոխվարչապետ Մեհրիբան Ալիևան»,- նման ուշագրավ հայտարարություն է արել ադրբեջանցի վերլուծաբանը:
168.am-ը փորձեց այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ԱՀ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանից:
ԱՀ արտգործնախարար Բաբայանն ասաց, որ Կարմիր շուկայի վերաբերյալ տեղեկությունն արդեն իսկ հերքվել է, և ինքը չի ցանկանում կրկին մեկնաբանել:
«Ադրբեջանն ամեն ինչ կարող է ասել, բազմաթիվ անգամ պաշտոնական Ստեփանակերտն այդ կապակցությամբ հայտարարություններով է հանդես եկել, ես չեմ ցանկանում նորից ինչ–որ շահարկումների առարկա դարձնել: Մենք ունենք շատ ավելի կարևոր խնդիրներ, որոնց մասին պետք է մտածենք, և չեմ ցանկանում, որպեսզի մենք կենտրոնանանք նման հարցեր վրա»,- ասաց Բաբայանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Արցախի միջև կապերին, հարաբերություններին, Բաբայանը նշեց.
«Այդ կապերն ու հարաբերությունները կրում են տեխնիկական բնույթ: Օրինակ՝ մենք պետք է, չէ՞, համատեղ որոնենք զոհվածների հնարավոր վայրերը և այլն, այդ բոլոր գործողություններն իրականացնենք ԿԽՄԿ-ի հետ մեկտեղ և այլն: Այստեղ բնական է, որ համապատասխան հանդիպումներ, համատեղ շփումները տեղի են ունենում, որովհետև այլ տարբերակ չկա պարզապես: Այդքան բան, որևէ այլ տեղեկություն պարզապես չկա, որպեսզի մեկնաբանեմ»: