«Ունեմ ճշգրիտ տվյալներ՝ իշխանությունը բանավոր ցուցում է տրվել Սյունիքի հատվածներից զորքը հեռացնելու». Սեյրան Օհանյան

Վերջին պատերազմի ընթացքում մեր պարտության պատճառը ոչ թե բանակն է, այլ այն, որ բանակն իր  թիկունքը շատ թույլ զգաց: Այսինքն, բանակի համար մենք ամուր թիկունք չկարողացանք ապահովել:

Ապրիլի 6-ին Սևանում «Հայրենիքի փրկության շարժման»  կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան  Օհանյանը:

«Իշխանությունների ոչ գրագետ գործունեության արդյունքում մենք չկարողացանք մոբիլիզացնել ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր ուժերը ՀՀ-ում, Արցախում, բոլոր մարզերում, որպեսզի կարողանայինք թիկունք կանգնել բանակին՝ ապահովելու մեր հաղթական ելքը»,- նշեց նա:

Ըստ Օհանյանի, ցանկացած երկրի ռազմական ներուժի բաղկացուցիչ մասերն են՝ երկրի տնտեսությունը,  բանակը՝ իր զորահավաքային ռեսուրսով, և ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

«Այն երկրները, որտեղ տնտեսությունը զարգացած է, նրանք կարողանում են հավելյալ արժեք ստեղծել, մեծացնել բյուջեն և այդ բյուջեին համաչափ որոշակի հատկացում իրականացնել բանակի ու անվտանգության, սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար»,- շեշտեց Արցախի հերոսը՝ նշելով, որ միշտ ՀՀ ղեկավարությունն աշխատել է գոնե մի քանի սպառնալիքների ուղղությամբ՝ տնտեսության աճի մակարդակ՝ համեմատած Ադրբեջանի, երկրորդ՝ ժողովրդագրական խնդիրներ, և այլն:

«ՀՀ-ն և Արցախը միասին ավելի անվտանգային և տնտեսական գործոն էին տարածաշրջանում, քան այսօր ՀՀ-ն՝ տկար Արցախով կամ առանց Արցախի: Երրորդ սպառնալիքը դա քաղաքական ռեսուրսներն են, դրանց աճը կամ նվազումը միշտ էլ ազդել են մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա: 2018-ից սկսած մենք խոշոր հարված հասցրինք մեր քաղաքական ռեսուրսներին: Տարիներ ի վեր մենք մեծ բանակցային ներուժ ենք հավաքել, 30 տարիների ընթացքում պահել մեր երկիրը խաղաղ իրավիճակում, բայց այս իշխանությունների անգրագետ գործունեության ընթացքում  այդ ռեսուրսները ոչնչացվեցին և հնարավորություն ստեղծեցին հակառակորդի համար՝ օգտվել այդ իրավիճակից ու մարտական գործողություններ սկսել»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ խելացի ղեկավարությունը պետք է դասեր քաղի նախկիններից. ստեղծված լավ հիմքերի վրա հենվելով՝ բազմապատկի դրական արժեքները, իսկ թերությունները վերացնի, մինչդեռ այսօր հակառակն ենք տեսնում:

«Այսօրվա իշխանությունների կողմից ճիշտ ղեկավարում չկա: Ոչ ճիշտ ղեկավարման արդյունքում ունեցանք պատերազմ, ոչ ճիշտ ղեկավարման ընթացքում ունեցանք պարտություն: Եվ  դեռ պատերազմի ընթացքում այդ պարտությունը խրախուսեցինք, դատական իշխանությունների կողմից օրինականություն չստեղծեցինք մեր պետության մեջ, և  այդ պարտությունները շարունակվում են:  Ես ունեմ ճշգրիտ տվյալներ, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունից հետո մեր երկրի իշխանությունները բանավոր ցուցում են տվել՝ Սյունիքի ռազմավարական նշանակության հատվածներից՝ Կուբաթլու, Զանգելան,  հեռացնել զորքերը՝ առանց  որևէ սահմանազատման, ինչ է՝ այն կողմից թուրքը և ադրբեջանցին GPS-ով եկել են և ասել՝ հեռացեք այդ սահմաններից, ռազմավարական ճանապարհներից և կետերից: Իսկ ո՞վ է ասել, որ այդ ռազմավարական ճանապարհները, կետերը, սահմանները ադրբեջանցունն էր կամ թուրքինը: Հիմա էլ ուզում ենք Սյունիքի կամ Մեղրիի տարածքով ճանապարհներ ունենանք: Տնտեսության զարգացման մեջ արագ կերպով ներառելով Թուրքիայի և Ադրբեջանի ներդրումները, մենք տնտեսության անկում ենք ունենալու, և այդ տարածքները լցվելու են թուրքերով և ադրբեջանցիներով: Այսինքն, թուրքերը և ադրբեջանցիները գալու են խառնվեն և մեր ժողովրդագրական խնդիրներն են փոխելու մեր  տարածաշրջանում»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Տեսանյութեր

Լրահոս