«Դուք պատերազմում դիտմամբ պարտվեցիք, հազարավոր զոհեր տվեցիք, որ ճանապարհ բացե՞ք». Վազգեն Մանուկյանը՝ իշխանություններին

«Այն, ինչ կատարվեց 44 օրերի ընթացքում, դա պատերազմ չէր… Սա սպանդանոց էր»,- Սևանում «Հայրենիքի փրկության շարժման»  հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով` պատերազմ տեսել են 1992-1992թթ․, երբ նահանջում էին, առաջ էին գնում, կորցնում էին, վերցնում էին, ու ամբողջ հասարակությունը, ժողովուրդը մասնակից էր այդ պատերազմին: Իսկ 44 օրերի ընթացքում խաբում էին, թե հաղթելու ենք, ու հազարավոր երիտասարդներ գնացին, կոտորվեցին:

«Եվ ի՞նչ, դա մենք ներելո՞ւ ենք: Սա ոչ թե վատ իշխանություն է, որը պետք է փոխել ընտրությունների միջոցով․․․ ձեր սիրտը պիտի ատելությամբ լցվի սրա նկատմամբ: Իրանք մեր հայրենիքը ոչնչացրեցին և շարունակում են ոչնչացնել: Եվ միակ ճանապարհը ժողովրդով միասին սրանց քշելն է… Մեզ պետք չի ընտրություններով գնալ, մենք պետք է զոռով այս իշխանություններին քշենք: Ինչքան զոռով, այնքան ավելի հարգանք կունենանք մենք ինքներս մեր նկատմամբ, մեր ինքնավստահությունը կվերականգնենք»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ այժմ մենք նվաստացած վիճակում ենք, այլ ժողովուրդներ արհամարհանքով են վերաբերվում հայերին:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուի խոսքով` իշխանության այս օրերի հայտարարություններից բխում է այն թեզը, թե պատերազմում դիտմամբ պարտվեցինք, հազարավոր զոհեր տվեցինք, որ ճանապարհներ բացենք:

«Եթե դուք մտածում եք, որ «սրանից հետո ոչինչ, վերջացավ, ցավալի էր, բայց լավ ենք ապրելու», լավ չեք ապրելու, շատ վատ եք արելու: Վատ եք ապրում, ավելի վատ եք ապրելու: Այս ճանապարհը տանում է դեպի այդտեղ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով` շարժման օրակարգը մնում է նույնը, այն է՝ Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, ապա որոշ ժամանակ անց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ներկա ընտրությունները, բացի գլխացավանքից, բացի վնասակարությունից, ոչ մի բան Հայաստանին չեն բերելու: Դրա համար պիտի աշխատենք, եթե կարողանանք համախմբվել ամբողջ ժողովրդով, մինչև ընտրությունները դուրս շպրտենք Նիկոլ Փաշինյանին: Դա է ճանապարհը»,- նշեց Մանուկյանը:

Ելույթում Մանուկյանն անդրադարձավ նաև Հայաստանի դաշնակիցներին` Ռուսաստան, Իրան, Չինաստան, Ֆրանսիա, Արաբական երկրներ՝ նկատելով, թե Թուրքիայի հետ դաշնակցություն մուրող երկիրն ապագա չունի: Ու այսօր պետք է համախմբվել ու կտրուկ փոխել իրավիճակը, հակառակ դեպքում՝ դանդաղ մահանալու ենք:

 

Տեսանյութեր

Լրահոս