Պուտին-Ալիև հարաբերություններում ինչ-որ խնդիրներ են առաջացել, և դա կապված է ռուսական խաղաղապահ զորքերի կարգավիճակի հետ. Արիֆ Յունուսով
«Ականապատ դաշտերի քարտեզ գոյություն չունի»,- «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում ասաց ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը:
Նրա խոսքով՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմն ականապատ դաշտերի թեման օգտագործում են սպեկուլյատիվ եղանակով՝ սեփական շահերից ելնելով՝ ներքին լսարանի համար:
«Հայաստանում ասում են, թե The Halo Trust-ն իբրև ականապատ դաշտերի քարտեզը վաճառել է թուրքերին, իսկ մեզ մոտ, ընդհակառակը՝ ասում են, թե հայկական կողմը չի տրամադրում քարտեզը: Իրականում՝ ոչ մի քարտեզ չկա, վստահաբար այդպես է, 1990-ական թթ․ այդ թեմայով զբաղվել եմ: Այդ թեման ակտուալ է բոլոր այն երկրներում, որտեղ կան հակամարտություններ, կարևոր չէ նույնիսկ՝ խոսքը Աֆղանստանի՞, Հարավսլավիայի՞, թե՞ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է: Ղարաբաղի դեպքում դրանք չկան»,- ասաց Արիֆ Յունուսովը՝ հավելելով, որ ոչ ոք ոչ մի քարտեզ չի ձևավորել, դա պատրանք է:
Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ապա Յունուսովը գտնում է, որ նրանք վաղ թե ուշ ազատ են արձակվելու ինչ-որ բանի դիմաց, ինչպես Ալիևին է ձեռնտու:
Անդրադառնալով «Իսկանդերի» թեմային՝ ադրբեջանցի վերլուծաբանն ասաց, որ այն փաստը, որ Ադրբեջանը բարձրացնում է «Իսկանդերի» թեման, ցույց է տալիս, որ Պուտին-Ալիև հարաբերություններում ինչ-որ խնդիրներ են առաջացել, և դա կապված է ռուսական խաղաղապահ զորքերի կարգավիճակի հետ:
«Նրանք օդից կախված իրավիճակում են, նրանք տարածաշրջանում են հինգ տարով, բայց ի՞նչ հիմքով, չկա իրավաբանական հիմք, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը երեք ղեկավարների քաղաքական հայտարարություն է, չկա խորհրդարանի որոշում, նախագահի հրաման»,- ասաց Յունուսովը: