«Ծառուկյանը և Մարուքյանը Փաշինյանի թիմակիցն են, եթե վարչապետի այլ թեկնածու չառաջադրեն». էդգար Ղազարյան
Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություն ցանկանում է կազմակերպել բացառապես իր վերարտադրության նպատակով, թեև երկրում հասարակայնորեն հասունացած չէ ԱԺ արտահերթ ընտրություն անելու պահանջ։
Այդ մարմինը, ըստ Սահմանադրության, մեկ գումարման ընթացքում պետք է պաշտոնավարի 5 տարի ժամկետով, ուստի անհրաժեշտ է ոչ թե արտահերթ ընտրություն կատարել, այլ պետք է ընդամենը, որ հրաժարական ներկայացնի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հնարավոր արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի առկայության կամ այդ պահանջը որպես կեղծ օրակարգ ներկայացնելու մասին, ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Ո՞վ է վարչապետը, որ ասի, թե հրաժարական չի տալիս, կամ Ազգային ժողովի ընտրության ենք գնում, չէ՞ որ խորհրդարանը ձևավորվել է հինգ տարի ժամկետով, հետևապես՝ պետք է աշխատի, իսկ վարչապետը իր պաշտոնավարումը ձախողել է, ասել է՝ կեցցեն մեր երեխաները, որոնք ապրելու են ապահով և ազատ երկրում, երկու տարի անց ասում է՝ կեցցեն մեր զոհերը, հետևաբար՝ ձախողած վարչապետը պետք է գնա։ Նիկոլ Փաշինյանը պետք է տա հրաժարական, որից անմիջապես հետո նախագահն ընդունում է նրա հրաժարականը, որից հետո Փաշինյանը պետք է ազատի կառավարական ամառանոցը, նա հրաժարականից հետո չի հանդիսանում պետական պահպանության տակ գտնվող պաշտոնյա, ազատում է Կառավարության իր աշխատասենյակը և պետք է գնա տուն։ Փաշինյանն իրավունք չունի մնա՝ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, օրենքը դա արգելում է»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Եթե Փաշինյանը հրաժարական տալուց հետո տուն չի գնում՝ որպես շարքային քաղաքացի, և շարունակում է հանդես գալ՝ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, այդ դեպքում ի՞նչ է կատարվելու դրանից հետո, և այստեղ ի՞նչ անելիք ունի ընդդիմությունը, Ղազարյանը պատասխանեց.
«Առաջինն այս իրավիճակում անելիք ունի ՀՀ Գլխավոր դատախազությունը։ Արթուր Դավթյանն անմիջապես պետք է հարուցի քրեական գործ, իշխանությունը զավթելու համար առաջադրի մեղադրանք ու իրականացնի դրանից բխող գործողություններ։ Ինչ վերաբերում է ընդդիմության անելիքներին, ապա 7-օրյա ժամկետում ընդդիմությունը կարող է առաջադրել վարչապետի թեկնածու և ընտրել նոր վարչապետ»,- ասաց Ղազարյանը։
Հարցին, եթե խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի թեկնածու չի առաջադրում, այդ դեպքում ինչի՞ հետ մենք գործ կունենանք, Էդգար Ղազարյանը պատասխանեց.
«Եթե վարչապետի հրաժարականի հետ ցրվում է խորհրդարանը, դա նշանակում է, որ Փաշինյանի հրաժարականով հեռանում են և՛ Մարուքյանը, և՛ Ծառուկյանը, հետևաբար՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նրանք համաձայնում հեռանալ, ինչ է՝ թիմակիցնե՞ր են»,- ասաց Ղազարյանը՝ ընդգծելով, եթե խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի սեփական թեկնածու չի առաջադրում, ապա դա նշանակում է, որ գործ ունենք կազմակերպված հանցավոր խմբի հետ, որի նպատակը Փաշինյանի վերարտադրությունն է։
«Եթե ընդդիմությունը վարչապետի թեկնածու չի առաջադրում, նշանակում է, որ Փաշինյանի հետ եկել է հանցավոր համաձայնության։ Ինչ վերաբերում է ընդդիմության ձայները չբավարարելու պատճառաբանությանը, ապա թող առաջադրեն, այն ժամանակ կերևա՝ վարչապետ ընտրելու համար ձայները բավարարո՞ւմ են, թե՞ ոչ, իսկ ո՞վ է ասել, որ վարչապետի թեկնածուն պետք է լինի «Բարգավաճ Հայաստանից» կամ «Լուսավոր Հայաստանից»։ Կրկնում եմ, եթե Փաշինյանի հրաժարական տալուց հետո ընդդիմադիր խմբակցությունները հեռանում են ու գնում արտահերթ ընտրության, ապա դա նշանակում է՝ Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ծառուկյանն ու Փաշինյանը երեքով միասին մեկ թիմ են, և թիմից մեկի հրաժարականով՝ մյուս երկուսը համաձայնում են հեռանալ։ Ի դեպ, սա անհնար չէ, որովհետև 2018 թվականին ԲՀԿ-ի պատգամավորները եթե չստորագրեին Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու համար, ԼՀԿ-ի ձայները չէին բավարարում, հետևապես՝ Փաշինյանի թեկնածությունը չէր առաջադրվի»,- ասաց Ղազարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում