ՔՏՀԱ տեսչական մարմինը ապրիլի 5-ին դիտարկել է Երևանի և 3 մարզերի հասարակական տրանսպորտը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Ճանապարհային ոստիկանության հետ շարունակում են համատեղ վերահսկողությունը՝ հանրային տրանսպորտի նկատմամբ՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և անվտանգության կանոնների պահպանման նպատակով։
Սույն թվականի ապրիլի 5-ին ՏՄ մասնագետները ստուգայցերով եղել են Երևանի Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում։ Դիտարկվել է 60 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 10 արձանագրություն, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։
Կոտայքի մարզում ՏՄ տարածքային բաժնի մասնագետները դիտարկել են միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 11 տրանսպորտային միջոց։ Վարորդների և ուղևորների կողմից խախտումներ չեն եղել։ Հանրային տրանսպորտի վարորդներին տրվել են իրազեկման թերթիկներ։ Միայն 1 արձանագրություն է կազմվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ սպասարկման տարածքում հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։
Գեղարքունիքի մարզում ՏՄ մասնագետները Մարտունու տարածաշրջանում մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել 16 տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Կազմվել է 5 արձանագրություն 7 տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Արձանագրությունները կազմվել են գերբեռնված երթևեկության, վարորդի և ուղևորների կողմից դիմակ չկրելու, ախտահանիչ հեղուկների ու իրազեկման թերթիկների բացակայության հիմքերով։
Համավարակի տարածումը կանխարգելելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։