
Սուդանում 18 մարդ է զոհվել զինված ընդհարումների ժամանակ

Առնվազն 18 մարդ է սպանվել, 54-ը՝ վիրավորվել էլ Գենեյնայում՝ Սուդանի Արեւմտյան Դարֆուրի նահանգի վարչական կենտրոնում, զինված ընդհարումների ընթացքում: Ապրիլի 5-ին այդ մասին հաղորդել է Al-Sudani լրատվական պորտալը:
Պորտալի տեղեկատվությամբ՝ էլ Գենեյնայում անկարգությունները բռնկել են ապրիլի 3-ին: Դրանց ընթացքում հանցավոր խմբավորումը հարձակվել է շտապ օգնության ավտոմեքենայի վրա: Գրոհի հետեւանքով ներսում գտնվող բժիշկները եւ վարորդը հրազենի վերքեր են ստացել, նրանց բոլոր իրերը եւ սարքավորանքը հափշտակվել են:
Ինչպես նշում է պորտալը, քաղաքում հահպանվում է չափազանց լարված իրավիճակը, զինված մարդիկ հարձակումներ են գործում հիվանդանոցների եւ պետական հիմնարկությունների վրա: Այս տարվա սկզբին էլ Գենեյնայում կատաղի ընդհարումներ են տեղի ունեցել էթնիկական հողի վրա, որոնք հրահրվել են կենցաղային վեճից: Անկարգությունները չեն հանդարտվել մի քանի օր, դրանց զոհ է դարձել հիսունից ավելի մարդ:
Հարյուրավոր տեղացի բնակիչներ այդ ժամանակ հարկադրված էին լքելու իրենց տները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: