Այդպիսի հանձնաժողով ստեղծելը միայն քաղաքական ուղղվածություն ուներ՝ ապացուցել օդում կախված անհիմն բոլոր տեղեկությունները, որոնք տարածում էր քաղաքացի Փաշինյան Նիկոլը․ Ալավերդյան

2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձություններից հետո նորաթուխ իշխանականները մեկ տարի անց լծվեցին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու «վեհ» գործին:

Օրերս տեղեկացանք, սակայն, որ քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը չի հրապարակվի. Խորհրդարանում պահվող փաստաթղթին ծանոթանալու իրավունք կստանան այն պաշտոնյաները, որոնք գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեն, նաև նրանք, ում ԱԱԾ-ն հատուկ թույլտվություն կտա:

Այս հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նաև հայտնել է՝ նախատեսում են զեկույցը փոխանցել Զինված ուժերին ևս: Ըստ նրա՝ նպատակը բանակը չվնասելն է:

168.am-ի հետ զրույցում իրավավաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով այս որոշմանը՝ նշեց.

«Եթե դա միայն զինվորականների համար էր, ապա արդեն շատ ուշ է դրա մասին մտածել, որովհետև այդ հանձնաժողովում ընդգրկված էին ոչ միայն ոչ զինվորականներ, այլ նրանք, ովքեր զինվորականների և բանակի դեմ են:

Եվ այդ մարդկանց հենց սկզբից էին տրվել այն բոլոր հնարավորությունները, որոնք որևէ նորմալ երկրում Ազգային ժողովում էդպիսի բան թույլ չէին տա»:

Իրավապաշտպանը հիշեցնում է՝ երբ հայտնի էր դարձել այդ հանձնաժողովի ստեղծումը, նա նշել էր, որ դա ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս է պատասխաններ.

«Հստակեցրեցի, որ այդպիսի հանձնաժողով ստեղծելն ունի միայն քաղաքական ուղղվածություն, այն է՝ ապացուցել օդում կախված այն անհիմն բոլոր տեղեկությունները, որոնք տարածում էր քաղաքացի Փաշինյան Նիկոլը պատգամավոր եղած ժամանակ: Ուրիշ ոչ մի նպատակ այդ հանձնաժողովը չէր հետապնդում»:

Լարիսա Ալավերդյանը քաղաքական կոպիտ սխալ որակեց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծումը. «Այսօր այս խայտառակ գործողություններից հետո  նրանք որևէ՝ ո՛չ իրավական, ո՛չ բարոյական, հիմք չունեն ընդհանրապես խոսելու 2016թ. Ապրիլյան դեպքերի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս