
Թուրքիան կարող է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ճյուղում համագործակցության շուրջը

Թուրքիան մոտ ժամանակներս կարող է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ոլորտում համագործակցության շուրջը: Ապրիլի 5-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Թուրքիայի Տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրիմը:
«Մենք երկկողմ հարաբերություններ ենք կառուցում երկրների հետ եւ բազմաթիվ հարաբերություններ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մենք սահամենել ենք մեր նպատակներին համապատասխան: Հաշվի առնելով, որ մենք արդեն աշխատում ենք տարբեր երկրների հետ, այդ թվում Ռուսաստանի հետ համագործակցության ընդհանուր պայմանների վրա, մենք պլանավորում ենք (համաձայնագիր) ստորագրել մոտ ժամանակներս»,- ընդգծել է Յըլդըրիմը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
«Տիեզերքի յուրացումը շատ բարդ եւ թանկ արժեցող աշխատանք է, որը պահանջում է բարձր տեխնոլոգիաներ, ուստի միջազգային համագործակցությունը շատ կարեւոր դեր է խաղում այդ բնագավառում: Միջազգային մակարդակում մեր նպատակը կայուն գործընկերային հարաբերությունների հաստատումն է տարածաշրջանային գործընկերների՝ մեր հարեւանների հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք մեծ հնարավորություններ ունենեք տիեզերական գործունեության շատ ոլորտներում: Մենք ենթադրում ենք, որ կկարողանանք առաջ շարժվել շատ ավելի արագ, եթե կարողանանք կառուցել կայուն գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա»,- հայտարարել է նա: