Փաշինյանը Հայաստանի բանալիներն ուզում է հանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «Կանխել Հայաստանի վերացումը» վերտառությամբ: Գրառման մեջ Թևանյանը նշում է՝ Փաշինյանը Հայաստանի բանալիներն ուզում է հանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին: Թևանյանի գրառումը՝ ստորև.

Հայաստանի Հանրապետությունն աշխարհում սուբյեկտայնություն ուներ հետևյալ պատճառներով՝

ա․ հաղթել էր Արցախյան 1-ին պատերազմում և ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը,

բ․ հանդիսանում էր Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերը, Գյումրիում կար ռուսական ռազմաբազա,

գ․ հայ-ադրբեջանական հարաբերություններում (Ղարաբաղյան հակամարտության լուծմանը միտված բանակցություններ) հանդիսանում էր լիարժեք կողմ, ունեինք Արցախի դե ֆակտո պետականություն,

դ․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականություն էր վարում, ինչը հայ-թուրքական հարաբերություններում որոշակիորեն վերացնում էր ասիմետրիան․ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հատկապես ակտիվ էր 1998–2008թթ․, ինչը հնարավորություն էր տալիս տարանջատել հայ–թուրքական հարաբերությունները հայ–ադրբեջանականից և դիրքային առավելություն տալ մեզ (ի դեպ, Թուրքիան հետպատերազմական 1994–ից հետո ամենահարգալիցը մեր հանդեպ հենց այդ փուլում է եղել․ մյուս ժամանակահատվածներում Թուրքիան միայն ագրեսիվացել է, իսկ Փաշինյանի կառավարման փուլում ուղղակիորեն ներգրավվեց մեր դեմ պատերազմի մեջ)։ 1998-2008թթ․ Հայաստանի ու Արցախի ամենաանվտանգ ժամանակահատվածն է եղել։

Ի՞նչ ունենք հիմա։

Պարտված բանակ, Արցախի կորսված պետականություն, կապիտուլյացիա։

Հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե ռազմավարական, այլ խնամակալական բնույթի են դարձել։ Մեր երկրի անվտանգությունը 100 տոկոսով կախված է ՌԴ–ից (նախկինում դա հայ-ռուսական համատեղ ֆունկցիա էր)։ Արցախում հայկական տարրի անվտանգությունն ու կյանքի իրավունքն ապահովում է բացառապես Մուրադովի գլխավորած զինուժը։ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։

Արցախի հարցով բանակցություններ դե ֆակտո չկան։ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Ալիևը միայն հոխորտանքով է խոսում մեզ հետ և հավակնում Հայաստանի տարածքներին։ Հակամարտության բանակցող կողմեր են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը։ Հայաստանը բերանը ջուր առած հետևում է այլոց առևտրին և GPS-ով հանձնում սահմանները։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը գործնականում դուրս է մնացել մեր արտաքին քաղաքական օրակարգից։ Փոխարենը սկսել է ագրեսիվ պրոթուրքական ու, այսպես կոչված, խաղաղասիրական քարոզ։

Արցախն ու ցեղասպանությունը միջազգային առևտրի առարկա դարձնելը, Թուրքիայի հանդեպ «նախաձեռնողական» դառնալը ՀՀ ձախողված այս իշխանությունների սիրած զբաղմունք է։ Փաշինյանը Հայաստանի բանալիներն ուզում է հանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին։ Ասել է թե՝ Նիկոլի իշխանությունն ու Հայաստանի շահերը խիստ անհամատեղելի են։

Տեսանյութեր

Լրահոս