«Եթե որևէ մեկը քեզ ֆիզիկապես սպառնում է, դու ինչպե՞ս կարող ես նրա նկատմամբ բարեկամաբար տրամադրվել». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ ԼՀԿ-ի միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական պետք է տա, որից հետո գնան արտահերթ ընտրությունների։

«Եթե գնում ենք արտահերթ ընտրությունների, ապա տրամաբանական չէ այլ գործողություններ իրականացնել, երբ կա հստակ պայմանավորվածություն։ Ընտրական օրենսգրքի շուրջ պայմանավորվածություն չի եղել, ասվել է միայն, որ, եթե խորհրդարանում կոնսենսուս չլինի, մենք չենք ընդունի։ Բայց կոնկրետ պայմանավորվածություն չի եղել, որը կարող էր խախտվել, և մենք էլ որևէ պայմանավորվածություն խախտեինք, միակ պայմանավորվածությունը եղել է արտահերթ ընտրությունների անցկացումը հստակ ու սեղմ ժամկետներում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը։

Ըստ պատգամավորի, իրենք իշխանություններին որևէ պատրվակ չեն տա, որպեսզի  արտահերթ ընտրություններից հետ քայլ կատարեն։

Անի Սամսոնյանը նաև տեղեկացրեց, որ ԼՀԿ-ն դեռևս նախընտրական ցուցակ չի պատրաստել, այդ ուղղությամբ դեռ աշխատանքներ չեն տանում, քանի որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, և իրենք հասկանան՝ արտահերթ ընտրություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ։

«Յուրաքանչյուր առողջ քաղաքական ուժ, որը գնահատում է իր հնարավորությունները, միշտ ձգտում է առավելագույնին, այսինքն՝ մենք այս արտահերթ ընտրություններին չենք գնում մի քանի պատգամավորական տեղեր վերցնելու։ Այն 47 տոկոս չկողմնորոշված մարդիկ, որոնք այսօր կան և չգիտեն, թե ում են ընտրելու, յուրաքանչյուր ուժի առաջադրանքը պետք է լինի՝ նրանց համոզելու իրեն ընտրել։ 2018 թվականին մենք չենք ասել, որ լինելու ենք իշխանություն, քանի որ տեղի էր ունեցել հեղափոխություն, և հեղափոխական ուժը պետք է լիներ իշխանություն։ Այսօր իրավիճակն այլ է»,- հավելեց Անի Սամսոնյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին և դրա հետ կապված՝ ԼՀԿ-ի դիրքորոշմանը, Անի Սամսոնյանն ասաց, որ ծրագիր են ներկայացնելու, որտեղ կա անվտանգության և արտաքին քաղաքականության բաղադրիչը, որոնցով քաղաքացիներին կփորձեն ներկայացնել իրենց տեսակետը։

«Կարծում եմ՝ այս հարցին մենք պետք է մոտենանք շատ հավասարակշռված ու հանդարտ՝ դուրս գալ Թուրքիան մեր թշնամին է կամ մեր թշնամին չէ մոտեցումներից։ Մենք ունենք արտաքին ու ներքին անվտանգության լուրջ խնդիրներ, մենք չենք կարողանում այսօր մեր հարաբերությունները նորմալ կարգավորել  բարեկամ երկրների հետ, ուր մնաց թե՝ մեր հակառակորդ երկրների հետ։ Եթե որևէ մեկը քեզ ֆիզիկապես սպառնում է, դու ինչպե՞ս կարող ես նրա նկատմամբ բարեկամաբար տրամադրվել։ Ինչո՞ւ են այդ խաղաղասիրության կոչերը միայն մեզ պարտադրվում»,- շեշտեց Անի Սամսոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս