Բաժիններ՝

Հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2020թ. գործունեության տարեկան հաղորդումը, որտեղ ներկայացված է պատերազմի ընթացքում փաստահավաք առաքելության արդյունքները

Ղեկավարվելով Մարդու իրավունքների պաշտպանի մասին ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը:

2020 թվականին Պաշտպանի աշխատակազմը ստացել է 377 դիմում` 481 անձի կողմից` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարության, սեփականության, ընտրական և մի շարք այլ իրավունքների վերաբերյալ: Հարկ է նշել, որ նշված դիմումների ընդհանուր քանակի մեջ ներառված չեն պատերազմական գործողությունների ընթացքում ստացված հարյուրավոր դիմումները, քանի որ իրավիճակի դժվարություններով պայմանավորված, պատշաճ վիճակագրություն վարել հնարավոր չէր:

Եթե նախքան պատերազմը դիմումները վերաբերել են հիմնականում վերը նշված իրավունքներին, ապա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքին ու առողջությանը, անհայտ կորածների մասին տեղեկություններ ստանալուն, քաղաքացիական անձանց տարհանվելուն, սոցիալական ապահովությանը, աշխատանքային և այլ իրավունքներին ու հարցերին:

Տարեկան հաղորդման մեջ մանրամասն ներկայացված է նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները փաստագրելու նպատակով Պաշտպանի կողմից նախաձեռնված փաստահավաք առաքելության արդյունքները և դրանց հիմքով պատրաստված զեկույցները:

Հաղորդմամբ Պաշտպանն իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների վրա (սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի, առողջության պահպանման իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, ազատ տեղաշարժի իրավունքի, երեխաների իրավունքի, հաշմանդություն ունեցող անձանց իրավունքների, ազատազրկված անձանց իրավունքների և մի շարք այլ ոլորտների)` հանդես գալով կոնկրետ առաջարկներով այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնում մատնանշված խնդիրների լուծման նպատակով համագործակցել պետական լիազոր մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հաստատությունների հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս