«Լենա Նազարյանի բառով՝ միակ «շանսը» մնում է իրենց իսկ հիշողությունը թարմացնելը՝ սկսած վարչապետից, վերջացրած «շանսը» բաց թողնել չցանկացող տիկնոջով»
Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է․ «Ֆլեշմոբի փոխարեն.
Չգիտեմ՝ ի՞նչ լեզվով կարելի է մեր իշխանավորներին ու պատգամավորներին (նախկին, ներկա և ապագա) բացատրել, որ հայի և թուրքի միջև բարեկամություն հաստատել հնարավոր չէ՛.
не возможно!
bu mümkün değil !
Լենա Նազարյանի բառով՝ միակ «շանսը» մնում է իրենց իսկ հիշողությունը թարմացնելը՝ սկսած վարչապետից, վերջացրած «շանսը» բաց թողնել չցանկացող տիկնոջով:
«Ես համոզված եմ, որ հայերի աքսորի և կոտորածների պատմությունը, որը համայն մարդկության կողմից հավիտյանս նզովքի դատապարտեց թուրքի անունը, իր նմանը չունի ցարդ նկարագրված անմարդկային արարքների որևէ տարեգրության մեջ: Թուրքիայի լայնածավալ տարածությունների որ անկյունն էլ նայելիս լինենք, ինչ մթին կիրճ էլ հետախուզենք, ամենուր կարելի է գտնել հայերի հազարավոր դիակներ ու կմախքներ՝ մորթված ու այլանդակված ամենադաժան եղանակներով»:
Ոչ, տիկնայք և պարոնայք, այս տողերի հեղինակը հայ չէ: Այս տողերի հեղինակը թուրք է, Նայիմ-բեյը, ով 1915 թվին հայերի տեղահանման Հալեպի կոմիտեի գլխավոր քարտուղարն էր: Մեջբերումն արել եմ անփոփոխ, ինչպես ասում են՝ կուսական վիճակում:
Շարունակեմ սակայն.
«Հալեպի նահանգապետին. 15 սեպտեմբերի 1915թ.
Ձեզ հայտնված է, որ Ջեմիեթի (երիտթուրքական կոմիտե) ցուցումով որոշված է լրիվ ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին: Պետք է վերջ տալ նրանց գոյությանը, հաշվի չառնելով ո’չ տարիքը, ո’չ սեռը, ո’չ էլ խիղճը:
Ներքին գործոց մինիստր Թալեաթ»:
«Հալեպի նահանգապետին.
Հավաքեցեք հայ երեխաներին…. հեռացրեք նրանց այն պատրվակով, թե իբր նրանց մասին հոգում է տեղահանության կոմիտեն. այնպես, որ կասկածներ չծագեն: Ոչնչացրեք նրանց և կատարման մասին զեկուցեք: Թալեաթ»:
Կարդում ես գլխավոր ոճրագործի բազում ու բազմաթիվ գաղտնի հրամանները ու այդ շարանի միջից աչքիդ առաջ հառնում է մարդակեր, պաղարյուն հրեշը՝ «պանթուրքիզմ» անունով, ում հետ դուք այսօր բարեկամության կոչեր եք հնչեցնում:
Ի՞նչ իրավունքով, ո՞վ է ձեզ թույլ տվել հողին հավասարեցնել ազգի պատիվն ու արժանապատվությունը, աղ լցնել դարից ավել չսպիացող մեր բաց վերքին: Թուրքը չի փոխվել ու չի փոխվելու երբեք, նա մեզ միշտ նայել է մորթողի՛ աչքերով: Սա ընդունեք իբրև ելակետ ու ձեր խելապակաս հայտարարությունները հնչեցնելուց առաջ մի պահ ետ նայեք:
Հայերին բնաջնջելու գործը Թուրքիան սկսել էր դեռ 19-րդ դարի վերջից: Դրան հաջորդեց 1909 թ. Կիլիկիայում հայկական կոտորածը և շարունակվում է առ այսօր՝ նրա ցեղակից եղբայրների միջոցով:
Հիշեք 20 թվին Շուշիի բնակչության ջարդը, Նախիջևանի հայաթափումը, Սումգայիթը, Բաքվի հայերի կոտորածը,
Շահումյանն ու Գետաշենը, Հրանտ Դինքի սպանությունը, հայ զինվորների գլխատումն ու խոշտանգումը, Գուրգեն Մարգարյանի կացնահարումը, Արցախյան պատերազմում մասսայական բնաջնջման արգելված զենքի կիրառումը, ռազմագերիներին պատանդ պահելը….. ո՞ր մեկն ասեմ:
Իբրև վերջաբան.
Իմ սերունդը մեծացել է ցեղասպանությունը վերապրածների հուշերով և 1,5 միլիոն նահատակների վրեժը լուծելու հոգեբանությամբ: Պապիս աչքի առաջ է թուրքը գլխատել նրա Վարագ և Վարազդատ զավակներին ու գլուխները տվել մոր ձեռքը, իսկ իրեն՝ շատերի հետ, քշել անապատ: Ես չեմ ուզում նույն ճակատագրին իմ թոռներն ու ծոռներն արժանանան:
Ցեղասպանված մեր ժողովուրդը այս դաժան պատերազմից հետո էլ ոտքի կկանգնի, չկասկածեք, ԱՄՈԹԻ խարա՛նն է, որ չի ջնջվում: Այսօր դուք այդ խարանն եք դաջում մեր ճակատին:
Եթե չեք կարողանում պարտադրել հրեշին՝ ծնկաչոք ներողություն խնդրել կատարած ամենավայրագ, ամենատմարդի, ամենամասշտաբային ոճրագործության համար, ապա գոնե բարի եղեք չխանգարել հայ մարդուն՝ արժանապատվորեն կրելու իր ցավը, մի ստիպեք, որ ապրիլի 24-ին մեղքի ու ամոթի զգացումո՛վ ծաղիկներ խոնարհի անմեղ նահատակների հուշարձանին:
Թուրքի հետ բարեկամություն քարոզելը այլ բան չէ, քան՝ ցեղասպանության ուրացում, ինչը ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ ոչ այսօր, ոչ՝ երբևէ»: