«Հիմա ցանկանում է ջախջախել հայկական պետության ողնաշարը սնուցած և սնուցող երակը՝ կրթության և գիտության համակարգը». Լևոն Նազարյան
«Կա գաղափար՝ Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»: Անցյալ շաբաթ Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի այս գաղափարին, Հանրապետական կուսակցության Երիտասարդական կառույցի անդամ Լևոն Նազարյանն ասաց, որ գաղափարը Հայաստանին բարոյապես ճնշելու հերթական գաղափարներից մեկն է՝ թելադրված թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։
«Իմ կարծիքով՝ սա օրինաչափ է և պարտադրված։ Ցանկացած կապիտուլյացված երկիիր ենթարկվում է բարոյական և հոգևոր բարոյալքման։ Հիմա թուրքական կողմը, բացի նրանից, որ նվեր է ստացել հայկական ոգու հարստություն Շուշին, հիմա ցանկանում է հերթական հարվածը հասցնել և ջախջախել հայկական պետության ողնաշարը սնուցած և սնուցող երակը՝ կրթության և գիտության համակարգը»,- ասաց Նազարյանը։
Ըստ նրա՝ իշխանությունը լուծում է բովանդակային խնդիր, այն է՝ ստեղծել Հայաստանում պարարտ հող թուրքական կապիտալի ներխուժման համար։
«Թուրքական կապիտալի էքսպանսիան ուզում են ներկայացնել՝ որպես տնտեսական աճ, ներդրումներ։ Փաշինյանի հայտարարության գաղտնի թելերը տանում են հենց այստեղ։ Արդեն իսկ խոսակցություն է պտտվում, որ կա հայտնի գործարար, որը պատրաստ է գնել բուհերի շենքերից մեկը և թուրքական կապիտալի հետ համատեղ բացել հյուրանոց և ծածանել այնտեղ թուրքական դրոշ, սակայն նրանք պետք է լավ հիշեն, որ Հայաստանում թուրքական դրոշը կարող լինել միայն մեր ոտքերի տակ՝ Ծիծեռնակաբերդում»,- ասաց նա։
Ինչպես բուհերի շենքերը վաճառելու գաղափարի մասին հայտարարությունը, այնպես էլ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրարկումն ու գույքահարկի բարձրացումը Լևոն Նազարյանը դիտարկեց թուրքական փողերը Հայաստանում ռեալիզացնելու մեխանիզմի մաս։
Ըստ նրա՝ իշխանության կողմից մշակվում է գործիքակազմ հայերին փափուկ տեղահանության ենթարկելու համար։
«Եթե 1915 թվականին հայերի տեղահանությունը կատարվում էր բռնի ուժով, ապա հիմա մշակվում է գործիքակազմ, մշակվում են որոշումներ՝ փափուկ ուժով հայերի տեղահանություն իրականացնելու համար։ Մեր ենթակառուցվածքներն ու բուհերի այդ շենքերը տրվելու են թուրքական կողմին, իսկ թուրքերն էլ հստակ մոտեցում ունեն՝ երբ մի երկրում հայտնվում է իրենց կապիտալը, ապա դրան հաջորդում է տվյալ երկիր թուրքական բանակի ներխուժումը»,- ասաց Լևոն Նազարյանը՝ նշելով, որ Հայաստանին հենց այս պատկերն է սպասվում։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում