
Թուրք պաշտոնյան լրագրողներին ահաբեկիչ է անվանել

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով երկրի պետխորհրդի՝ լրագրողական անվանաքարտերը չչեղարկելու մասին որոշմանը, գրառում է արել Twitter-ում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշենք, որ Թուրքիայի պետխորհուրդը վճռել էր, որ լրագրողական անվանաքարտերի կանոնակարգման մեջ կատարված փոփոխությունները դեմ են մամուլի ազատությանը և չեն կարող լրագրողների անվանաքարտերը չեղարկվել անհասկանալի արտահայտություններով ու կամայական հիմնավորումներով:
Ալթունն այդ մասին գրել է. «Քանի դեռ մենք պաշտոնավարում ենք, պայքարելու ենք լրագրողության անվան տակ ահաբեկչություն քարոզողների դեմ»:
Թուրք պաշտոնյան Արևմուտքի երկրների մասով մի օրինակ է բերել:
«Մի պահ մտածեք: Արևմուտքի որևէ երկրում մի մարդու, որը շարունակաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ-DEAŞ) օգտին քարոզչություն է անում, կտա՞ն լրագրողական անվանաքարտ: Եթե ինքն իրեն պատռի և ասի՝ ես լրագրող եմ, կհասնի՞ որևէ արդյունքի: Ոչ: Բայց ինչ վերաբերում է մեզ, պահանջում են, որ պետությունը որպես «լրագրող» ճանաչի PKK-ի և FETÖ-ի օգտին քարոզչություն անողներին: Մենք դեմ ենք դրան»:
Ալթունը պնդել է, որ ժողովրդավարության, խոսքի և մամուլի ազատության թիվ մեկ թշնամին հենց ահաբեկչական կառույցներն են:
Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և «Ֆեթուլահական կազմակերպությունները» (հապավումը` FETÖ) Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներ են: