Տասը տարվա դադարից հետո «Դորիանս» ռոք խումբը կվերադառնա նոր երգով և տեսահոլովակով
«Դորիանս» ռոք խմբի անդամները տասը տարվա դադարից հետո կմիավորվեն և երկրպագուներին կներկայացնեն «Մենք պիդ կանգնինք» երգի տեսահոլովակը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է պրոդյուսեր Վահագն Գևորգյանը, որը տարիներ շարունակ համագործակցել է «Դորիանսի» հետ:
«Պատերազմի օրերին, երբ ակնհայտ էր, որ մեր փրկությունը մեր միասնական լինելու և համախմբվելու մեջ է, միտք առաջացավ միավորելու մի թիմ, որը գրեթե տասը տարի գոյություն չունի։ Միավորվել և կատարել մի աշխատանք, որը կոգևորի մեր ազգին։ Խոսքս «Dorians»-ի մասին է։ Պատերազմն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց, և հիմա մենք պարտավոր ենք ոտքի կանգնել հանուն այն տղերքի, որոնք զոհվեցին, հանուն նրանց ընտանիքների, հանուն մեր երեխաների և մեր երկրի ապագայի»,- գրել է պրոդյուսերը:
Նա շեշտել է, որ Վարդան Զադոյանի, Գոռ Սուջյանի, Արման Փահլեվանյանի, Արման Ջալալյանի, Էդգար Սահակյանի, Արտյոմ Մանուկյանի հետ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ ցույց տալու, որ դա հնարավոր է:
Գևորգյանի խոսքով՝ մենք ազգովի պարտավոր ենք միավորվել, առավել ևս հիմա։ «Չկիսել ու չկիսվել։ Չատել ու միայն սիրել։ Հարգել զոհերին և միմյանց։ Միայն այսպես մենք կկանգնենք։ Երգը, որը շուտով մենք կներկայացնենք, կոչվում է «Մենք պիդ կանգնինք»: Երաժշտությունը գրել է Գոռ Սուջյանը, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է»,-նշել է նա:
Մարտի 31-ին ավարտվել են տեսահոլովակի նկարահանումները: Հոլովակի սցենարիստ և ռեժիսոր՝ Վարդան Զադոյան, օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, դերասանը՝ Հայկ Իսրայելյանը: