Փաշինյանը սկսել է խաղալ բաց խաղաքարտերով նաև 5 նախագահների հանդիպման պատճառով. Վարազդատ Հարությունյան
Նիկոլ Փաշինյանն այսօր շարունակում է մնալ իշխանության ղեկին քաղաքական ոստիկանության և իր թիմակիցների վերաբերյալ ունեցած կոմպրոմատների հաշվին, սակայն այս գործիքներն անսպառ չեն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իշխանության գործողությունների և պատերազմի պարտությունից հետո պաշտոնավարումը համառորեն շարունակելու պատճառների մասին, նման տեսակետ հայտնեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը:
«Այսօր իշխանությունն անհամաչափ բիրտ ուժ է կիրառում «Հայրենիքի փրկության շարժման» գեներացրած պրոցեսները ճնշելու համար, ավելին՝ կոպտագույն կերպով ոտնահարում է իրավունքի գերակայության սկզբունքը, փաստն Օնիկ Գասպարյանի շուրջ կատարվողն է։ Նիկոլ Փաշինյանը դրվել է այն վիճակում, որ արդեն բաց խաղաքարտերով խաղում է՝ որպես դիկտատոր։ Նրան այդ վիճակում են դրել պետական կառույցները, կաթողիկոսները, այն մարդիկ, որոնք 5 ամիս է՝ տուն չեն գնում, և ինչո՞ւ չէ՝ Հայաստանի և Արցախի հինգ նախկին նախագահները»,- ասաց Հարությունյանը։
Ըստ նրա՝ հինգ նախկին նախագահների հանդիպումները ցուցիչն են, որ վիճակը կատաստրոֆիկ է, որովհետև նրանք ունեն հակասությունների մեծ պատմություն, ու եթե դրանով հանդերձ՝ մի սեղանի շուրջ են նստում, նշանակում է՝ վիճակը ծանր է։
«Դա նաև ցուցիչն է նրա, որ Փաշինյանը, լինելով երկրի ղեկավարների համքարության անդամ, հայտնվել է նաև նրանց կողմից քաղաքական մեկուսացման մեջ»,- ասաց նա։
Հարցին, բայց այդ քաղաքական մեկուսացման մեջ հայտնվածն այսօր հայտարարում է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, Հարությունյանը կասկած հայտնեց, որ այդ ընտրությունն ընդհանրապես տեղի կունենա։
««Ազգային օրակարգը» չի դիտարկում ընտրությունների մասնակցել-չմասնակցելու օրակարգը, որովհետև մենք չունենք պաշտոնապես ընտրություն։ Ի՞նչ է, Նիկոլ Փաշինյանն արդեն հրաժարական է տվել և երկու անգամ չի՞ ընտրվել, և պաշտոնապես հայտարարվե՞լ է ընտրության մասին, թե՞ կա նախագահի հրամանագիր։ Իհարկե չկա, կա Նիկոլ Փաշինյանի խոստում, իսկ մենք նրա խոստումներին խիստ կասկածանքով ենք վերաբերվում։ Սակայն, եթե անխուսափելի դառնա ընտրության օրակարգը, ապա այն ժամանակ կքննարկենք՝ մասնակցե՞լն է ճիշտ, թե՞ ոչ։ Չի բացառվում, որ քննարկվի նաև ընտրությունների բոյկոտի հարցը, չի բացառվում, որ ընտությունների օրակարգում նաև հակաօրակարգ թելադրենք, բայց կրկնում եմ՝ կորոշենք, երբ Փաշինյանն իր ասածը նախ իրականացնի»,- ասաց Վարազդատ Հարությունյանը՝ նշելով, որ իրենց կուսակցությունում չի քննակվել նաև միայնակ կամ դաշինքով ընտրության գնալու հարցը։
Եթե որևէ քննարկում իրենց կուսակցությունում չի եղել, այդ դեպքում ինչպե՞ս են պատրաստվում կողմնորոշել այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրազանգվածին, որի մասին հայտնում են սոցիալական հարցումները, և ինչպե՞ս են պատրաստվում մարդկանց դեպի իրենց կուսակցությունը կողմնորոշել, եթե որևէ քննարկում և ընդգծված դիրքորոշում չունեն, Վարազդատ Հարությունյանը պատասխանեց.
«Ենթադրել, որ այս պայմաններում լինելու են ռացիոնալ ընտրություններ, իրականությունից հեռու է, այս պայմաններում լինելու է հերթական սևի և սպիտակի բաժանման ընտրություն, և այս պայմաններում հիմնվել նրա վրա, որ պետք է նվաճել այդ 40 տոկոս ընտրողների սրտերը, միամտություն է՝ իհարկե, նվաճել պետք չէ միայն քարոզարշավով, քաղաքացիներին կողմնորոշելու համար պարտադիր չէ հայտարարել, որ մասնակցելու ենք երևակայական ընտրություններին»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում