Բաժիններ՝

«Կրած վնասները համադրելի են մեր համախառն ներքին արդյունքի մի քանի տարվա ցուցանիշի հետ». Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ Արցախում պատերազմի և  տարածքների մեծ մասի թշնամու օկուպացիայի տակ հայտնվելու պատճառով տնտեսական կորուստներն ահռելի են։

«Ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը զբաղվում է վնասների ճշգրիտ գնահատմամբ։ Հիմա կարող ենք ասել, որ այդ վնասները համադրելի են մեր համախառն ներքին արդյունքի մի քանի տարվա ցուցանիշի հետ։ Այստեղ ներառված են մասնավոր, պետական հատվածների և ֆիզիկական անձանց գույքի, ենթակառուցվածքների վնասները։ Այո, մենք կորցրեցինք և՛ գյուղատնտեսական, և՛ էներգետիկ ներուժի մեծ մասը, սակայն ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի կարողանանք վերականգնել և զարգացման միտումներ հաղորդել մեր տնտեսությանը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Մարտիրոսյանը։

Հարցին՝ «Հայաստան համահայկական» հիմնադրամից որքան միջոց է փոխանցվել Արցախին, պետնախարարն ասաց, որ Արցախին միջոցներ չեն փոխանցվում, քանի որ հիմնադրամը ծրագրերն իրականացնում է ինքնուրույն, բնականաբար, խորհրդակցելով նաև Արցախի կառավարության հետ։

«Մինչև այս պահը տարբեր ծրագրեր իրականացվել են։ Հայաստանի Կառավարությունից Արցախին նախորդ տարի ուղղվել է շուրջ 10 մլրդ դրամից ավելի գումար, այս տարի Արցախին տրամադրվող վարկն ավելի արագացված է տրամադրվում, որպեսզի կարողանանք մեր նվազ հարկային եկամուտները լրացնել»,- շեշտեց պետնախարարը։

Ինչ վերաբերում է  Կարմիր Շուկայի հետ կապված խոսակցություններին՝ Գրիգորի Մարտիրոսյանն ասաց, որ ինքը որևէ քննարկման մեջ ներգրավված չէ։

Նա նաև տեղեկացրեց, որ 35-40 հազար արցախցի  զրկվել են իրենց տներից, այսօր նպատակ կա 2,5-3 տարում այդ հարցը լուծել և բոլորին Արցախի տարածքում ապահովել բնակարաններով։

«Այս պահին 100-ից ավելի ընտանիքների համար հիմնականում հին բնակֆոնդի վերանորոգման միջոցով տրամադրվում է տարածք»,- շեշտեց Արցախի Հանրապետության պետնախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս