ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության հերթական ճանաչումը ոչինչ չի փոխելու. Իսկանդարյան

«Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այնքան էլ բարենպաստ փուլ չէ, սակայն Թուրքիան նաև չափազանց կարևոր է ողջ Արևմուտքի համար, և դա ոչ մի տեղ չի կորչի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման հնարավորությանը:

Նա այս հարցում ԱՄՆ նախորդ  կամ ներկայիս իշխանությունների միջև որևէ տարբերություն չի նկատում, հատկապես, երբ, նրա խոսքով, այդ հարցի շրջանառումը ԱՄՆ ներքին քաղաքականության բաղադրիչն է, քանի որ քիչ չեն քվեարկող հայերն ԱՄՆ-ում:

«Բացի դրանից, հայկական սփյուռքին ընդունված է անվանել մեկ հարցի սփյուռք՝ «One question Diaspora»: Հենց այդ պատճառով ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուները խոսում են ցեղասպանությունից, բայց երբ իշխանության են գալիս, դա տեղի չի ունենում: Կարևոր չէ, գուցե Բայդենն ինչ-որ բանով տարբերվում է, և ինչ-որ արտահայտություն հնչի, բայց դա արդեն հնչել է իրականում ոչ մեկ անգամ:

Ռեյգանն է խոսել Ցեղասպանությունից, Օբաման է խոսել՝ պարզապես անվանել է այլ բառով: Չեմ կարծում, որ դա էականորեն ինչ–որ բան է փոխելու Հայաստանի նկատմամբ այն Թուրքիայի հետ, որն այստեղ կա, պատերազմի այս արդյունքներով, ինչպես նաև Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այնքան էլ բարենպաստ փուլ չէ, սակայն Թուրքիան նաև չափազանց կարևոր է ողջ Արևմուտքի համար, և դա ոչ մի տեղ չի կորչի:

Թուրքիան երկիր է, որն աշխարհագրորեն առանցքային տեղ է զբաղեցնում՝ սահմանակցում է հետսովետական տարածքին, Իրանին, Իրաքին, Սիրիային, և սա չափազանց արժեքավոր է Արևմուտքի համար: Կարդինալ փոփոխություններ այստեղ ես չեմ ակնկալում»,- ասաց Իսկանդարյանը:

Տեսանյութեր

Լրահոս