Օպերային երգչուհի Անի Պիվազյանը պատվավոր երկրորդ տեղն է զբաղեցրել միջազգային մրցույթում
Օպերային երգչուհի Անի Պիվազյանը, որը Հայաստանը պարբերաբար ներկայացնում է միջազգային տարբեր փառատոններում, մրցույթներում՝ արժանանալով և՛ մասնագետների, և՛ երաժշտասերների բարձր գնահատականին, երկրորդ տեղն է զբաղեցրել Բորիս Մարտինովիչի անվան միջազգային մրցույթում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին ասաց, որ մրցույթի նախաձեռնողները Մետրոպոլիտեն օպերային թատրոնի երգիչներ Բորիս և Դիանա Մարտինովիչներն են: Մրցույթն անցկացվել է օնլայն ձևաչափով: Առաջին երկու փուլում մասնակիցներն իրենց ձայնագրություններն են ուղարկել կազմակերպիչներին, իսկ երրորդ փուլում երգել առցանց հարթակում:
«Առաջին անգամ էի մասնակցում մրցույթի, որն անցկացվում էր օնլայն: Պատկերացում անգամ չունեի, թե ինչպես է դա տեղի ունենում. մտածում էի հնարավո՞ր է ճիշտ ներկայացնել դասական երաժշտությունն այդ ձևաչափով, բայց այժմ այլ ելք չկա, և բազմաթիվ միջազգային մրցույթներ են այդ կերպ անցկացվում: Պետք է խոստովանեմ, որ համավարակից, պատերազմից հետո երգելու ցանկությունս կորել էր: Մայրս համոզեց, որ մասնակցեմ, և այս մրցույթը լավ առիթ էր կրկին իմ արվեստին վերադառնալու համար: Պարզվեց՝ ապարդյուն չէր, քանի որ երկրորդ հորիզոնականը զբաղեցրի մրցույթի Opera Professional խմբում»,- պատմեց Անին:
Երգչուհին առաջին փուլում հատված է ներկայացրել Յոհան Շտրաուսի (որդի) «Չղջիկը» կոմիկական օպերետից, երկրորդ փուլում՝ Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» ստեղծագործությունից Օլիմպիայի արիան, երրորդ փուլում առցանց երգել է Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայից Ռոզինայի արիան:
Պիվազյանն առհասարակ հետաքրքրասեր է. մրցույթների մասնակցելիս հետևում է մրցակիցներին, փորձում գնահատել, հասկանալ նրանց հնարավորությունները և այլն, սակայն այս անգամ չի հետևել մրցույթին, չի իմացել, թե ովքեր են մասնակցում, ինչ գործեր են կատարում: «Մի հոլանդուհի ընկերուհի ունեմ. նա էր ոգևորությամբ հետևում: Մասնակիցներ կային Մեքսիկայից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից և այլ երկրներից: Կարծում եմ, յուրաքանչյուր արվեստագետի համար միջազգային մրցույթներին, փառատոններին մասնակցությունը կարևոր է. նրանց առավելություն է տալիս: Երբ այցելեցի Բորիս Մարտինովիչի անվան միջազգային մրցույթի կայքէջը, իմացա, որ հաղթողներին հնարավորություն կընձեռվի 2021-2023-ին համաշխարհային շրջագայության մեկնել մրցույթի կազմակեպիչների հետ: Շատ ուրախալի էր և կարևոր: Անգամ զանգեցին, հետաքրքրվեցին, թե կարո՞ղ եմ մեկնել Եվրոպա և այլն»,-նշեց Անի Պիվազյանը:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ երգչուհին տեղեկացրեց, որ ամուսնու՝ կիթառահար Տիգրան Այվազյանի հետ շարունակում է հանդես գալ «Los Reyes» խմբում: Ապրիլի 13-ին բարեգործական համերգ-ցուցահահանդեսի շրջանակում ելույթ են ունենալու Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Միջոցառումը կազմակերպել է երաժիշտ Նարեկ Փոթոյանը, որի եղբայրը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում: Ապրիլի 7-ին օպերա, ֆլամենկո ձևաչափերով հանդես են գալու «Ուլիխանյան» ակումբում: