2016թ. իրադարձություններից հետո կար ընկալում, որ Ադրբեջանից լուրջ ռազմական սպառնալիք կա, դա վերաբերում է ներկայիս իրավիճակին ևս. Իսկանդարյան

«2016 թվականին տեղի ունեցածը «ա»՝ պարտություն չէր, և «բ»՝ պատերազմ չէր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով 5 տարի առաջ տեղի ունեցած Ապրիլյան քառօրյա պատերազմի նշանակությանը:

Նա հիշեցրեց, որ երբ Չերչիլին հարցրել են, թե ինչո՞ւ է պետք պատերազմը, նա պատասխանել է, որ երբ պատերազմեն, այդ ժամանակ էլ կտեղեկանան:

«Հիշում եմ, որ ապրիլյանից հետո այն, ինչ տեղի էր ունենում հայաստանյան հասարակաքաղաքական դիսկուրսում, անվանում էին հայերի պարտություն: Իսկ անցյալ տարի մենք իսկապես իմացանք, թե ինչ է պարտությունը: 2016 թվականին տեղի ունեցածը «ա»՝ պարտություն չէր, և «բ»՝ պատերազմ չէր: Եթե խոսենք ադրբեջանական կողմից, ապա 2016 թվականի օպերացիան մարտով հետախուզություն էր և հետախուզություն էր նրանց կողմից բավականին հաջողված, թեև նրանք կորցրին ավելի շատ մարդ և ոչինչ ձեռք չբերեցին: Բայց ակնհայտ է, դրանից հետո պարզ դարձավ թե ինչպես ավելացնել և ինչ տեսակի սպառազինություն է հարկավոր ձեռք բերել, ինչպես զարգացնել ռազմավարությունը»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշեց, որ հայկական կողմերի համար ապրիլյան քառօրյան լոկալ օպերացիա էր: Նրա որակմամբ, 5 տարի առաջ տեղի ունեցածի նպատակները ռազմական և քաղաքական էին:

«Իհարկե, դրանից հետո պետք էր հասկանալ, որ պետք է պատրաստվել պատերազմի: Ընդհանրապես կա մի այսպիսի խոսք. «Ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»: Դա այդպես է և հատկապես այդպես է մեր տարածաշրջանում: Լիովին հասկանալի էր 2016 թվականից հետո, և ընդհանուր առմամբ կար ընկալում սպառնալիքի, կար ծրագիր «Ազգ-բանակ», որոշակի տեսակի սպառազինություն էին գնում, այդ թվում՝ հրթիռային համակարգեր, կար ծրագիր՝ անօդաչուների հետ կապված:

Այս ամենը չհաջողվեց իրականացնել, չհասցրին և այլն, բայց ընկալում կար, որ ադրբեջանական կողմից լուրջ ռազմական սպառնալիք կա»,- նման կարծիք հայտնեց քաղաքագետը:

Նա նշեց, որ սա վերաբերում է ներկայիս իրավիճակին ևս: Իսկանդարյանի խոսքով, 2020 թվականին տեղի ունեցած պատերազմն ակնհայտորեն մեզ պետք է բերի գիտակցման, թե ինչ է պետք անել սպառազինության հետ, ինչ է պետք անել բանակի հետ, ինչ է պետք անել պետության հետ՝ պատրաստվելու համար այն իրավիճակներին, որոնք կարող են լինել:

«Ադրբեջանի և Թուրքիայի պահվածքը ցույց է տալիս, որ նրանք նման հնարավորությունն ամենաքիչը չեն բացառում, այսինքն՝ պետք է օգտագործել այն ժամանակը, որն ունենք, որպեսզի պատրաստ լինենք իրավիճակի: Ես չեմ ասում, որ պետք է դրանք ցանկանալ, պարզապես պետք է պատրաստ լինել: Դեռ պատերազմից անցել է 5 ամիս, և ես նման բան չեմ տեսնում: Բայց հույս ունենանք, որ այդ գիտակցումը կգա, և կլինեն որոշակի քայլեր: Խոսքը միայն պետության մասին չէ, հասկանալի է, որ պետությունը ներկայումս զբաղված է այլ հարցերով, խոսքը հասարակության, փորձագետների, լրագրողների, հասարակական դիսկուրսի մասին է, բայց առաջին հերթին դա պետության հարցն է»,- ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Տեսանյութեր

Լրահոս