Պենտագոնը Թուրքիային կոչ է արել չպահել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը
ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները՝ Լլոյդ Օսթինը և Հուլուսի Աքարը, հեռախոսազրույցով քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հեռախոսազրույցի մանրամասների մասին հաղորդագրություն է հրապարակել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ Օսթինը Թուրքիային կոչ է արել չպահել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը:
Իսկ Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Աքարն ու Օսթինը «կարևորել են Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմավարական կապերը՝ ընդգծելով բոլոր խնդիրները գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ոգով կարգավորելու անհրաժեշտությունը»:
Կողմերը կրկին ընդգծել են պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության առաջմղման և քայլերի սերտ համակարգման կարևորությունը:
Բացի այդ, Աքարը շնորհավորել է Օսթինին՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունները վատթարացել են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումից հետո: Չնայած այդ գործարքի հարցում ԱՄՆ-ի կոշտ արձագանքներին, Թուրքիան հետ չի կանգնել իր որոշումից։