Վաղարշակ Հարությունյանը «ոտի վրա» տված հարցերի չի պատասխանում
Այսօր հայտնի դարձավ, թե ինչու է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը խուսափում պատասխանել լրագրողների հարցերին: Պարզվում է՝ Վաղարշակ Հարությունյանը «ոտի վրա» հարցերին չի պատասխանում:
Այսօր, երբ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողները պաշտպանության նախարարից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է ենթադրում Փաշինյանի հայտարարությունը, որ տարածաշրջանի պետությունների նկատմամբ պետք է կեցվածքը փոխել, և ի՞նչ կեցվածք պետք է որդեգրել Թուրքիայի ու Ադրեբջանի նկատմամբ, Վազարշակ Հարությունյանը արձագանքեց.
«Այսօրվա օրը այն առիթը չի խոսելու: Բոլոր հարցերի պատասխանները կտանք»:
Ճշտող հացերին էլ, թե երբ տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է, պաշտպանության նախարարն ասելիք չունի՞, կամ ի՞նչ է ներառված զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգում, Հարությունյանը կարճ հակադարձեց.
«Լսեք ինձ, ոտի վրա այսպիսի հարցերին չեն պատասխանում: Ես բոլոր այդ հարցերի պատասխանը կտամ»:
Թերևս, Վաղարշակ Հարությունյանն այսօրվա հայտարարությամբ գոնե պարզաբանեց, թե ինչու է, ասենք, Ազգային ժողով իր այցելությունների ժամանակ խուսափում պատասխանել լրագրողների բլից կամ, Պաշտպանության նախարարի բնորոշմամբ, «ոտի վրա» հարցերին: Հավանաբար առաջիկայում լրագրողների հետ ոչ «ոտի վրա», հանդիպում՝ ասուլիս կհրավիրեն՝ ավելի քան 100 օրվա իր պաշտոնավարման ընթացքում կուտակված հարցերին պատասխանելու համար: