«Ապրիլյանից դասեր եթե քաղած չլինեինք, այս 44-օրյա հերոսամարտը, ինձ թվում է, այլ ելք կունենար». Արտակ Դավթյան
Ապրիլյան պատերազմի մեկնարկից 5 տարի անց ՀՀ ՊՆ ԳՇ պետի պաշտոնում մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նշանակված Արտակ Դավթյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նախ ասաց, որ ապրիլյան քառօրյան մարտական գործողություններ էին, բայց դասական իմաստով՝ ոչ պատերազմ, այդուհանդերձ, «քառօրյայից հետո մենք դասե՞ր քաղել ենք» հարցին էլ պատասխանեց:
«Իհարկե, ապրիլյանից դասեր եթե քաղած չլինեինք, այս 44-օրյա հերոսամարտը, ինձ թվում է, այլ ելք կունենար և այլ ժամկետներում»:
Հարցին, թե 44-օրյա պատերազմի այս ելքն արդյոք ողբերգական չէ՞ր, ու դրանից հետո ի՞նչ վատ ելք կարող էր լինել, Արտակ Դավթյանն պատասխանեց.
«Առաջինը, մենք կարող էինք կորցնել ամբողջությամբ Արցախը: Եվ երկրորդը, կարող է դա արվեր 15 կամ 20 օրվա ընթացքում: Արդյունքը դա է»:
ԳՇ պետը չմեկնաբանեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունն առ այն, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում հետաքրքիր բացահայտումներ կան Արտակ Դավթյանի մասին, որ նա թերացել է և պետք է պատասխանատվության ենթարկվի:
Ինչ վերաբերում է փետրվարյան իրադարձություններից հետո Գլխավոր շտաբում տիրող իրավիճակին՝ Արտակ Դավթյանը հայտնեց, թե ԳՇ-ում իրավիճակը հանգուցալուծված է, անձնակազմի աշխատանքը բնականոն հունով ընթանում է, և որևէ խնդիր չկա: Հարցին, թե ինչպե՞ս է Դավթյանն աշխատում այն զինվորականների հետ, որոնք միացել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, արձագանքեց.
«Շատ լավ եմ աշխատում, որևէ խնդիր չկա: Կոլեկտիվն աշխատում է և կատարում է խնդիրները, որոնք դրված են Գլխավոր շտաբի առջև»: