
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը:
Նորանշանակ դեսպանն ասել է, որ ուրախ է ներկայացնել Միացյալ Թագավորությունը Հայաստանում, և ինքն ու իր թիմն ակնկալում են սերտ համագործակցություն՝ ի նպաստ ՄԹ-Հայաստան հարաբերությունների խորացման և ամրապնդման:
Դեսպանը Հայաստանի նախագահին է փոխանցել Նորին Մեծություն Թագուհու ողջույնները:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ջոն Գալագերին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը կներդնի բոլոր ջանքերը հայ-բրիտանական միջպետական օրակարգն ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ:
Կարևորելով փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործումը՝ նախագահ Սարգսյանը և դեսպան Գալագերը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ, մասնավորապես նշել են տնտեսության, գիտության, կրթության, արհեստական բանականության ոլորտները: Երկու երկրները կարող են միասին աշխատել նաև միջազգային մարտահրավերների, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում: