
ԱՀԿ-ում կոչ են արել արագացնելու պատվաստման գործընթացը Եվրոպայում

Բնակչության պատվաստման գործընթացի արագացումը վճռական նշանակություն ունի, քանի որ Եվրոպայում հիվանդության նոր դեպքերի քանակը շարունակում է ավելանալ: Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ապրիլի 1-ին:
«Պատվաստանյութերը համավարակից դուրս գաու լավագույն միջոցն են, դրանք ոչ միայն գործում են, այլեւ շատ արդյունավետ կերպով կանխում են ախտահարումը: Սակայն այդ պատվաստանյութերի ներդրումը տեղի է ունենում չափազանց դանդաղ: Եվ քանի դեռ ընդգրկումը մնում է ցածր, մեզ անհրաժեշտ է օգտագործել հանրային առողջապահության եւ սոցիալական պաշտպանության այն միջոցները, որոնք մենք կիրառել ենք անցյալում, որպեսզի փոխհատուցվի (պատվաստումների) գրաֆիկի չպահապնումը: Ինձ թույլ տվեք պարզություն մտցնել. մենք պետք է արագացնենք այդ գործընթացն՝ ավելացնելով արտադրությունը, նվազեցնելով պատվաստումներ կատարելու արգլեքները եւ օգտագործելով մեզ մոտ պահեստում առկա բոլոր (պատրաստուկներով) սրվակները»,- տեքստում բերված է բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեի խոսքը:
Անցյալ շաբաթ տարածաշրջանի երկրների մեծ մասում դիտվել է COVID-19-ի դեպքերի աճ բոլոր տարիքային խմբերում, բացի պատվաստմամբ ընդգրկված՝ 80 տարեկանից բարձր մարդկանցից: Արձանագրվել է 1,6 միլիոն նոր դեպք եւ շուրջ 24 հազար մահացու վախճան: Եվրոպան այդ ցուցանիշներով մնում է աշխարհում երկրորդը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից հետո. զոհերի ընդհանուր թիվն արագորեն մոտենում է 1 միլիոնի, իսկ ախտահարման դեպքերի քանակը՝ 45 միլիոնի:
Այս պահին տարածաշրջանի բնակչության սոսկ 10 տոկոսն է ստացել պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ 4 տոկոսը՝ երկուսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: